▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք որոշեցինք, որ կունենանք առանձին ոստիկանություն եւ Ներքին գործերի նախարարություն. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ոստիկանական համակարգում բարեփոխումների ռազմավարությունը: Կառավարությունը հաստատեց այն և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը: 

Ոստիկանության համակարգում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների  հստակեցում,-ներկայացրեց Բադասյանը: 

Նախարարը հայտնեց նաև, որ կձևավորվի Ներքին գործերի նախարարություն, որը կմշակի ոլորտի քաղաքականությունը և պատասխանատվություն կկրի բարեփոխումների համար:

Նախատեսվում է ստեղծել նաև պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն: Այս նոր համակարգը կապահովի հասարակական կարգը և անվտանգությունը, նաև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխումը, հայտնաբերումը կամ խափանումը:

Նաև քրեական դատավարության որոշ գործառույթներ կդրվեն պարեկային ծառայության ուսերին, օրինակ՝ դեպքի վայրի պահպանությունը, կասկածյալին բերման ենթարկելու գործողությունը և այլն:

Օպերատիվ կառավարման կենտրոնն էլ իրականացնելու է պարեկային ուժերի ընդհանուր գործառույթների համակարգում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ: Այն նաև լինելու է ահազանգերի կենտրոն:

Ոստիկանության զորքերը կվերանվանվեն ազգային գվարդիա՝ կրելով նաև բովանդակային փոփոխության:

Բադասյանի  փոխանցմամբ՝ վերափոխվելու է նաև համայքնային ոստիկանության համակարգը:

Ոստիկանական կադրերի պատրաստման համակարգը ևս արմատական փոփոխությունների է ենթարկվելու,-ընդգծեց Բադասյանը:

Գործողությունների ընդհանուր ծրագիրը կարժենա 16 մլրդ 326 մլն դրամ, -հայտնեց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը պետք է փոխվի, ընդ որում՝ ոչ միայն ձևով, այլև՝ բովանդակությամբ։

Փաշինյանի խոսքով, ՆԳՆ ստեղծելու հարցում մշտապես կոնֆլիկտ է եղել խնդրի քաղաքական եւ զինվորական մասի բովանդակությունների միջեւ. «Խնդիր է եղել այնպես անել, որ զինվորական ծառայությունը դուրս լինի քաղաքական ազդեցություններից: Ի վերջո մենք հրաժարվել ենք այն տրամաբանությունից, որ հնարավորություն ստանանք քաղաքացիական անձանց նշանակել ոստիկանությունում, առավել եւս՝ ղեկավարի կարգավիճակով: Բայց մյուս կողմից ունենք իրավիճակ, երբ ոստիկանությունը ոլորտում քաղաքականություն մշակող մարմին չէ:

Այս կոնֆլիկտը լուծելու համար մենք որոշեցինք, որ կունենանք Ներքին գործերի նախարարություն: Այստեղ քաղաքական եւ քաղաքացիական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից: ՀՀ Ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ ՆԳՆ-ի հետ, կլինի դրա կազմում: Այդ հարաբերությունները կլինեն մոտավորապես այնպիսին, ինչպիսին է ՊՆ-ի եւ Գլխավոր շտաբի միջեւ հարաբերությունները»:

Կառավարության  նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին