Տեղեկացրել ենք, որ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ հնչել են հարցեր կապված հանրաքվեի հետ, բայց քննարկման մեծ մասը նվիրված է եղել խմբակցության հարցերին, Մյունխենում տեղի ունեցած հանդիպմանն ու դրա բովանդակությանը:
Հարցին՝ հանրաքվեի հետ կապված կոնկրետ ի՞նչ եք քննարկել, նա ասել է. «Մոտ ապագայում կունենանք մամուլի ասուլիս կամ հայտարարություն, կասենք բոլոր այն մանրամասները, որոնք կապված են հանրաքվեի հետ: Հիմա ես զերծ կմնամ որևէ բան ասել»:
Այն հարցին, թե մտահոգություն չունե՞ք, որ «Ոչ»-ի քարոզչություն իրականացնելու են ՀԿ-ները, ոչ թե քաղաքական ուժերը, Ալեն Սիմոնյանն այսպես է արձագանքել. «Վստահ եմ, որ կձևավորվի «Ոչ»-ի շտաբ, բայց եթե չձևավորվի, ի՞նչ կա անհանգստանալու։ Բավական հետաքրքիր իրավիճակ է, կլսենք քաղաքացիների հետ, կփորձենք լուծել խնդիրները»: ԱԺ փոխնախագահն ասել է, որ չի քննարկվել այն հարցը, թե ինչպե՞ս են տանելու քարոզչությունը, հարցը քննարկման փուլում է: «Վարչապետի մասնակցությունը լինելու է: Ժողովուրդը սիրում է վարչապետին, նա էլ ժողովրդին։ Մեր դաշնակիցը, մեր պաշտպանը մեր ժողովուրդն է: Մնացածին վերաբերում ենք ժպիտով»,- ասել է նա: