Երևանի Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների՝ մահակներով ավտոմեքենաների եւ քաղաքացիների վրա հարձակվելու գործով արդեն կա մեկ ձերբակալված։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ 1988 թվականին ծնված Ա. Իսոյանն է։ Վերջինս ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Իսոյանը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է՝ Անդրանիկ Իսոյանը։
Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կ.Ուլնեցի փողոցում մի քանի երիտասարդ մահակներով հարվածել և վնասել են քաղաքացիների կայանված ավտոմեքենաները՝ պատճառելով նյութական վնաս:
Հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ինչպես բռնությունից տուժած անձանց, այնպես էլ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ներբեռնվել և քննության առարկա է դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունը:
Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիներն ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:
Քննությամբ պարզվել է վնասված «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը՝ Մ.Դանիելյան, ով ճանաչվել է տուժող և հարցաքննվել։