▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ Ալիևը կկանգնի միջազգային դատարանի առջև՝ նախ Փաշինյանը պետք է պատասխան տա․․․

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Նոր Սարդարապատ չկա, եթե․․․ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը

Թշնամին արդեն մտել է մեր պետական տարածք՝ վաղուց և դարձյալ այսօր:

Ամբողջական չենք՝ ոչ տարածքով, ոչ ժողովրդով, ոչ էլ հոգով:

 Թշնամին մտել է նաև մեր նիստ ու կաց, դարձել ներքին՝ թափանցելով հանրային կյանքի ամեն մի շերտ ու ծալք: Մեզ դարձրել է սև ու սպիտակ, ներկա ու նախկին, այսինչ-ցի և այնինչ-ցի, ողջ ու մեռյալ:

 Կասեք՝ ժամանակը չէ: Առաջինը ես՝ միասնության պահն է:

 Այո՛, բայց չկա միասնություն այս մեկով՝ նա ոչ առաջնորդ է, ոչ գերագույն հրամանատար, ոչ միավորող է, ոչ էլ իրավունքի սպասավոր:

 Նա է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության բազմակի  խախտման-զիջման, ինքնիշխանության նվազեցման, Արցախի մեծ մասի և, ըստ էության, Հայաստանի հետ սահմանակցության կորստի, մեր ոսկեսերնդի նահատակների՝  ներառյալ այսօրվա կյանք-տղաներից յուրաքանչյուրի զոհաբերությանհիմնական և անվանական պատասխանատուն, հանցավորը, մեղավորը:

 Մինչ Իլհամ Ալիևը կկանգնի միջազգային դատարանի առջև՝ որպես ռազմական հանցագործ, հարկավոր է, որ նախ Նիկոլ Փաշինյանը, հետո մնացածը պատասխան տան արդարադատության ազգային ատյանի առջեւ:

 Նոր Սարդարապատ՝ Հայկյան իր անհավանականությամբ, կարող է կայանալ միմիայն ի հեճուկս նրա, ոչ երբեք՝ նրա առկայությամբ:

 Սգում եմ ու ընդվզում, որ այս արձանագրումը ստիպված կատարում եմ հենց այսօր, բայց միասնության, հույսի, արժանապատվության և համապետական պատմական  փրկության միակ ուղին սա՛ է:

 Վասն հավատո և հայրենյաց՝ որոշենք, պաշտպանենք և՝ ապրենք:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

13 սեպտեմբեր 2022, Երևան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին