Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հարցազրույցը հրաժարականից հետո ներկայացրել է news.am-ը:
Այն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
-Պարոն Մինասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր անակնկալ հրաժարականը:
-Անշուշտ անակնկալ ոչինչ չկա դրանում: Ես գնում եմ օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում եւ կարծում եմ, որ դա է այսօր առաջնահերթություն:
-Իսկ ինչո՞ւ է այդքան մեծ ուշադրություն դարձվում այսօր նախընտրական շտաբի ձեւավորմանը`պատճառ դառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների: -Հանրապետության նախագահը տրամադրված է լավագույն ընտրությունների անցկացման: Մենք պատրաստվում ենք ոչ միայն ապահովել նախագահի կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում, այլեւ նպաստել այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած եւ վստահորեն դեպի ապագա նայող: Իսկ դրա համար այսօր արդեն ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարծում եմ, որ այս ընտրությունները որակական հեղափոխություն են լինելու մեր երկրի ու բոլորիս համար:
-Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ սրանով կավարտվի պաշտոնաթողությունների այն շղթան, որին մենք ականատես ենք լինում վերջին օրերի ընթացքում:
-Նման հարցերի պատասխանը գիտի միայն մեկ մարդ` հանրապետության նախագահը:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը: