▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում ձևավորվող բարեփոխումների օրակարգին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։

Նա ընդգծել է, որ ջանքեր է գործադրելու երկու հայկական պետությունների միջև փոխգործակցության առավել ընդլայման և խորացման ուղղությամբ։ Արարատ Միրզոյանը, շնորհավորելով Արայիկ Հարությունյանին, նշել է, որ վերջինս մեծ առաքելություն է ստանձնել և վստահություն հայտնել, որ Արցախի նախագահն իր բոլոր նախաձեռնություններում, այդ թվում ժողովրդավարության խորացման, տնտեսության զարգացման և ՀՀ-ի հետ համագործակցության հարցերում լրջագույն հաջողություններ է գրանցելու։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Արցախում ձևավորվող բարեփոխումների օրակարգին։

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը չափազանց կարեւոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն ցանկացել: Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արցախցի գործընկերներին իրենց գործունեության բոլոր ոլորտներում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի` վեցերորդ գումարման Ազգային ժողովի հետ գոյություն ունեցած սերտ համագործակցությունն էլ ավելի է զարգանալու:

Արթուր Թովմասյանը, ողջունելով իր պաշտոնակցին, նշել է, որ երկու խորհրդարանները մեծ աշխատանք ունեն կատարելու հայ ժողովրդի ընդհանուր օրակարգի` այդ թվում Արցախյան հիմնախնդրի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ պահպանելու եւ զարգացնելու են կապերը ՀՀ Ազգային ժողովի հետ: Նա պատրաստակամություն է հայտնել նոր թափ հաղորդելու երկու խորհրդարանների աշխատանքին նաեւ հանձնաժողովների մակարդակում:

Զրուցակիցների քննարկումը շարունակվել է արդեն ընդլայնված կազմով:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին