Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանին, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցին եւ տեղակալ Վաչագան Ներսիսյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը պայմանավորված է օրենսդրական փոփոխություններով. ըստ այդ փոփոխությունների՝ ՀՀ Ռազմական գլխավոր տեսչությունը վերակազմավորվել է եւ անցել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ:
armtimes.com-ն է գրում և նշում, որ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ըստ նրա՝ նոր կազմավորված ստորաբաժանումը կունենա Պաշտպանության նախարարության Վերահսկողության ծառայություն անունը՝ կատարելով նույն գործառույթները, ինչ Ռազմական գլխավոր տեսչությունը:
Կայքի տեղեկություններով՝ Հակոբյանն ու նրա տեղակալները ՊՆ-ում պահպանելու են իրենց պաշտոնները: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Վլադիմիր Կարապետյանից: Ի պատասխան ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն ասաց, որ քանի որ գերատեսչությունը ՊՆ ենթակայությանն է անցնում, ուստի նախարարի իրավասությունն է դառնում ՊՆ Վերահսկողության ծառայության պետին ու տեղակալներին նշանակել-ազատելը: