▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել քննարկել Ադրբեջանի լոբբիստ Պեդրո Ագրամունտի հարցը

ԵԽԽՎ լիագումար նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խոսել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի հանդեպ Իտալիայի իրավապահների կողմից հարուցված քրեական գործի մասին, ով մեղադրվում է Ադրբեջանի շահերը ԵԽԽՎ-ում սպասարկելու համար  Ալիեւի կլանի  կողմից 2 միլիոն 400 հազար դոլար կաշառք ստանալու մեջ։ Զոհրաբյանը նշել է, որ Վոլոնտեն Վեհաժողովում միակ կոռումպացված պատգամավորը չէր եւ առաջարկել է հրապարակային քննարկման դնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից կաշառված պատգամավորների եւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հարցը։

 

Զոհրաբյանն իր ելույթում ասել է՝

 

Կարծում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք քննարկել մի խնդիր, որը շատ վաղուց արդեն ժանտախտի պես քայքայում է մեր կառույցը։ Վերջին գոնե երկու տարում չի եղել գեթ մեկ նստաշրջան, որի ժամանակ մենք չխոսենք շահերի բախման, լոբբինգի եւ մեր կառույցում այլեւս հաստատված փաստի՝ կոռուպցիայի մասին։ Բազմաթիվ փաստեր են ներկայացվել, այդ թվում՝ միջազգային հետաքննող տարբեր կազմակերպությունների կողմից, որ ԵԽ անդամ որոշ երկրներ մեր կառույցում փաթեթներով  պատգամավորներ են գնում, ովքեր ամեն ամիս լուրջ գումարներ են ստանում իրենց դոնոր երկրներից, նշյալ երկրներում ունեն սեփականություն եւ բիզնես, եւ մեր կառույցն օգտագործում են իրենց դոնոր երկրի քաղաքական շահերը սպասարկելու  համար։

ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանից անմիջապես հետո Իտալիայի իրավապահները քրեական գործ հարուցեցին ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի նկատմամբ՝ 2012-14 թվականներին Ադրբեջանի կառավարությունից շուրջ 2 միլիոն 400 հազար դոլար կաշառք ստանալու համար, որի դիմաց Վոլոնտեն պարտավորվել էր տապալել Բաքվի շահերին հակասող բանաձեւերը եւ մասնավորապես՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին Շտրասերի բանաձեւը։ Միլանի դատախազությունը  քննության ընթացքում բացահայտել էր ողջ շղթան, որի միջոցով Ալիեւի կառավարությունը տարիներ շարունակ գումարներ է փոխանցել Վոլոնտեին եւ նրա խմբին՝ ԵԽԽՎ-ում Բաքվի շահերը սպասարկելու համար։ Վոլոնտեին կաշառելու համար նախատեսված գումարը տրվել է ադրբեջանական «ԲԱԿ-ՏԵԼԵԿՈՄ» ընկերության հաշվից, իսկ  գումարը փոխանցվել է դանիական «Դանսկ-Բանկ»-ի՝ Էստոնիայում գործող մասնաճյուղի միջոցով։ Բացի դա, Միլանի  իրավապահները պարզել են նաեւ, որ Վոլոնտեն բազմաթիվ անգամներ կաշառք է ստացել ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովից  եւ մի շարք այլ ադրբեջանցի գործիչներից։

Հարգելի՛ գործընկերներ,

Դուք հրաշալի գիտեք, որ Լուկա Վոլոնտեն Ադրբեջանի կողմից կաշառված միակ պատգամավորը չի եղել։ Այստեղ, այս պահին նստած են մոտ երկու տասնյակ պատգամավորներ, որոնք ուղղակիորեն սպասարկում են ադրբեջանական շահը։ Վստահաբար՝ ոչ Ալիեւի հանդեպ եղբայրական սիրուց դրդված։

Գաղտնիք չէ նաեւ, որ մեր Վեհաժողովի ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտը  եւս Բաքվի շահերի երդվյալ պաշտպանն է. Ալիեւի հանդեպ պլատոնական սիրուց, թե այլ պատճառով, դա էլ թողնում եմ ձեր դատին։ Ի դեպ, այս օրերին ուկրաինական պատվիրակությունը Ագրամունտի  «մեղքերը» ավելացրեց եւս մեկով՝ նրան մեղադրելով  նաեւ Ռուսաստանի լոբբիստը լինելու մեջ։

Հարգելի՛ գործընկերներ, ես հույս ունեմ, որ առաջիկայում մի քանի երկրների իրավապահներ եւս, ինչպես Իտալիայինը,  քրեական գործեր  կհարուցեն ԵԽԽՎ մի քանի պատգամավորի հանդեպ, ովքեր տարիներ շարունակ սնվել են ադրբեջանական նավթային երակից։ Եւ քանի դեռ մեր կառույցի դեմքը փրկելու փոքր, բայց հույս կա, հրապարակային քննարկման առարկա դարձնենք ԵԽԽՎ-ում  լուրջ արմատներ գցած կոռուպցիոն սխեմաների խնդիրն ու որպես առաջին քայլ՝ դիմենք ազգային խորհրդարաններին՝ կոռումպացված պատգամավորներին՝ մեր Վեհաժողովից  հետ կանչելու համար։   

     


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին