Երեւանում գտնվող «Նաիրիտ» քիմիական գործարանում այսօր բռնկված հրդեհը առնվազն մի քանի օր կտեւի: Այս մասին գործարանի տարածքից ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջի միջոցով ուղիղ միացմամբ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ գործարանի տարածքում մասնագիտական քննարկում է տեղի ունեցել: Գործարանի այրվող տարածքի հարեւանությամբ շտաբ է ստեղծվել, այնտեղ է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, փրկարար ծառայության տնօրենը եւ այլն: «Վատ նորությունն այն է, որ մասնագետների գնահատմամբ՝ հրդեհը մի քանի օր կշարունակվի: Այսինքն՝ մի քանի օր դեռ չի հաջողվի մարել հրդեհը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այրվող պահեստարաններից յուրաքանչյուրում մոտավորապես 70-80 տոննա քիմիական նյութ կա եւ իրատեսական չի համարվում, որ կրակը հենց այդ օջախում մարվի: «Մենք էլ տեսանք, երբ ջուրը մղվում է կրակի մեջ, այդ սեւ ծուխը սկսում է դեղին դառնալ: Համենայնդեպս, հրշեջներն ասում են, որ այդ կրակն ուղղակի մարել հնարավոր չի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորի խոսքով, պետք է հրդեհվող նյութն ամբողջությամբ այրվի եւ մարվի, որը վատ նորություն է, քանի որ ծուխը մի քանի օր կմնա Երեւանի երկնքում: Նիկոլ Փաշինյանըի հետ միասին գործարանի տարածքում է նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:


