▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարաներին նախագահը նշանակել է Ձեր առաջարկով, թե՞ հակառակը.Արամ Մանուկյանի հարցը` վարչապետին

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի` ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում սկսվել է ՀՀ 13-րդ կառավարության ծրագրի նախագծի քննարկումը, որն անցած ուրբաթ երեկոյան բաժանվել է Ազգային ժողովի պատգամավորներին և արդեն տեղադրված է կառավարության կայքում:

Ծրագիրը ներկայացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրան հարց ուղղելու համար հերթագրվեց 34 պատգամավոր, ինչը, կարելի է ասել, զարմացրեց վարչապետին, ով ասաց, թե այդքան հարց նախկին կառավարությանը թող տային:

«Ամեն դեպքում, Ձեր ասածն ինձ չի վերաբերում:  Ինչքան Տիգրան Սարգսյանին եմ հարցեր տվել, ավելի դժվարները Ձեզ եմ տալու»,-ասաց ՀԱԿ պատգամավոր Արամա Մանուկյանը:

Պատգամավորն, ապա,  կարդաց Սահմանադրության 8-րդ հոդվածը, համաձայն որի կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ: «Կառավարությունում չկա՞ն նախարարներ, որոնք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Եվ, երկրորդ, ելնելով ականջալուր լինելու սկզբունքից, օրը առնվազն 50-100 հոգու հետ շփվում են, որոնք դեմ են Ձեր նշանակումներին: Նրանց Ձեր առաջարկո՞վ էր ՀՀ նախագահը նշանակել, թե՞ Սերժ Սարգսյանի առաջարկով էր, որոնց հետ համաձայնել եք: Ասեմ, որ երկու պատասխաներն էլ Ձեզ համար վտանգավոր են»,-հարցն ուղղելով վարչապետին` նկատեց Արամ Մանուկյանը:

«Ես վտանգավորության աստիճանը շուտ եմ հաղթահարել»,-ասաց Հովիկ Աբրահամայանը` շարունակելով.

«Սահմանադրության մեջ հստակ գրված է չէ՞, որ վարչապետի առաջարկով են նշանակվում: Ինչ վերաբերում է առաջին հարցին, ես կոնկրետ չունեմ տեղեկատվություն, որ որևէ նախարար այսօր կառավարության կազմում ձեռնարկատիրությամբ է զբաղվում: Եթե նման մարդիկ կան, ապա կառավարությունից կհեռանան: Ինչ վերաբերում է կադրերի վատ կամ լավ լինելուն, ապա ում էլ որ նշանակեինք, նույնիսկ Ձեզ, էլի մարդիկ կլինեին, որ կասեին, թե վատ կադր եք ընտրել: Դա հարաբերական է:  Ինձ համար կարևոր սկզբունքը կադրերի պրոֆեսիոնալ լինելն է: Մենք դանդաղ պետք է շտապենք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

«Մենք այն գլխից ասել ենք, որ կառավարության հետ մտադիր չենք պատասխանատվություն վերցնել: Մենք Ձեզ հետ երբեք այդ դաշտում չենք համագործակցի: Ձեր առաջին կոպիտ սխալներից է այդ կադրերին նշանակելը: Եվ, վերջում, եթե չգիտեք, թե  ովքեր են ձեռնարկատիրությամբ  զբաղվում, մամուլը տպում է, մի քիչ ուշադիր եղեք»,-արձագանքելով ասաց Արամ Մանուկյանը:

Վարչապետը նշեց, թե, եթե մամուլին նայեն, չեն կարողանա աշխատել: «Ես ազատ եմ կադրային քաղաքականության մեջ: Որ նախարաը որ լավ չաշխատի, մեզ հետ ճանապարհ չունի անցնելու: Ես հասկանում եմ նաև Ձեր մտավախությունը, որ մենք կարող է լավ աշխատենք: Փորձելու ենք քիչ սխալներ տույլ տալ: Սխալներ թույլ կտանք, սխալներ թույլ չի տալիս  նա, ով ոչինչ չի անում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

«Ինչ-որ մեր բախտը բերել է, որ չեք ուզում մեզ հետ աշխատել: Դրա համար կարելի է ծրագրին վերաբերող հարցեր տալ: Մեր տեսքը Ձեր դուրը չի գալիս, դա ուրիշ խնդիր է»,-ավելացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին