▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարը պատրաստ է սատարելու իրավապահների դիմումը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական ուսումնարանի փակման եւ այնտեղ տարիներ շարունակ գրանցված խաբեբայությանը, ասաց, որ առողջապահության նախարարությունը պատրաստ է սատարելու այն դիմումը, որը կուղարկվի իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք` մարտի 17-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Սեւանի  բժշկական ուսումնարանը փակվել էր, եւ, բնականաբար, փակվել էր նաեւ Վարդենիսի մասնաճյուղը, ինչի արդյունքում ուսանողները հայտնվել էին անելանելի վիճակում: Պարզել էինք, որ մինչ 2013թ ուսումնական հաստատությունները գտնվել էին ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ, իսկ, ահա, 2014 ընթացքում օրենքի փոփոխության արդյունքում վերջիններս հանձնվել էին կրթության եւ գիտության նախարարության ենթակայությանը: ԿԳՆ-ն էլ ստուգումներ էր իրականացրել եւ պարզել էր, որ լիցենզիան չի համապատասխանում նախանշված նորմերին, եւ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ զբաղվել են խաբեբայությամբ, ծնողներից գումարներ են շորթել՝ իրականում կրթություն չապահովելով ուսանողների համար: Հիմա այնտեղ ընդունված ուսանողները մնացել են դրսում, իսկ շրջանավարտների դիպլոմները պարզ չէ, թե ինչ արժեք ունեն:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:

-Պարո՛ն Մուրադյան, չնայած մինչ Ձեր նախարար նշանակվելը ուսումնական հաստատությունները հանձնված են եղել կրթության եւ գիտության նախարարությանը, այնուամենայնիվ, ինչպես եք վերաբերում այն փաստին, որ ապագա բժիշկների մասնագիտացված ուսումնարանում նման խաբեբայություն են թույլ տվել:

-Եթե Դուք խաբեբայության խնդիր եք գրացնել, ապա կարծում եմ, որ պետք է դիմեք իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա սա հատուկ ուշադրության կենտրունում գտնվող հարց է, եւ այսօր օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը, որտեղ կրեդիտային համակարգ ներդնելու մասին քննարկումներ են սկսվել: Մենք մեր հավանությունը տվել ենք այդ մոտեցմանը: Իսկ ինչ վերաբերվում է այսօր համակարգում գործող բժիշկներին, ապա կարծում եմ, որ  մենք որակավորման մեկ ընդհանուր միասնական ձեւ պետք է ունենանք, որով  կրեդիտային համակարգը ներդնելուց հետո կարողանանք թույլատրել բժշկական գործունեության իրավունքը:

-Դուք խոսում եք ապագայի գեղեցիկ պլաններից, իմ հարցը վերաբերում է կոնկրետ մի բժշկական ուսումնարանի, 16 տարի է՝ գործել է,  եւ ոչ մեկի հայտնի չէ, թե ինչ մասնագետներ է պատրաստել: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանն էլ ասել էր, որ այնտեղ խաբեությամբ են զբաղվել, կրթություն չի եղել: Եթե Դուք Ձեզ համարում եք մտահոգ նախարար, չե՞ք պատրաստվում մարզերում գոնե մասնագետների վերապատրաստման գործընթաց սկսել:

-Կրկնում եմ՝ եթե խաբեբայության կամ որեւիցե իրավախախտ փաստ եք արձանագրել եւ տվյալներ ունեք, Դուք կարող եք դիմել իրավապահ մարմիններին: Իսկ ես Ձեզ կարող եմ հավաստիացնել, որ մենք անպայման կսատարենք այդ դիմումը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին