▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին պաշտոնյաները Սերժ Սարգսյանին չեն բարևում

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս «Օջախ» ռեստորանի սեփականատիրոջ հոր ծննդյան օրվա առիթով կազմակերպված կերուխումին հրավիրված են եղել Սերժ Սարգսյանը ու նրա թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը: Շատերը ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ միջոցառմանը մասնակցող նախկին պաշտոնյաները ու պատգամավորները խուսափել են Սարգսյանի հետ շփումից եւ նույնիսկ չեն բարեւել»:

 

 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Արցախում նախընտրական գործընթացների համատեքստում բավականին հետաքրքիր տեղեկություն է շրջանառվում. 2020 թվականին ընդառաջ նախագահական ամբիցիաներ է դրսևորում նաև պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայումս ՀՀ վարչապետի ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Հետաքրքրական է, որ Արցախի մեկ այլ ՊԲ հրամանատարի` Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը, որը նպատակ ունի «պատուհան բացել» ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս ևս առաջադրվեն Արցախի նախագահի ընտրություններում, մեծ արձագանք է ունեցել Մարտունու շրջանում. տեղացիները սա պայմանավորում են նաև Մովսես Հակոբյանի տարօրինակ շահագրգռությամբ (վերջինս մարտունեցի է): Բանն այն է, որ Մովսես Հակոբյանը ևս չի կարող առաջադրվել Արցախի ներկայիս Սահմանադրության պայմաններում, այդ իսկ պատճառով էլ ներքին կարգով իր կողմնակիցներին ուղղորդել էր ակտիվ ստորագրահավաքի` ընտրություններից 10 ամիս առաջ»:



 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «ՍԴ դատավոր, իրեն նաեւ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն արջի ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին։ Նրա հայտնի հայտարարությունից հետո այս օրերին նախկին իշխանությունների քնած ու արթուն բոլոր ներկայացուցիչները, իրավական դաշտի «չեզոքները» ոտքի են ելել։ Անշուշտ, Նիկոլ Փաշինյանի սրտով է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելը, բայց ամեն ինչ խելամտության սահմաններում պետք է տեղավորվի։ Իրազեկների համոզմամբ՝ որքան էլ Վահե Գրիգորյանն իր մասնագիտական, Փաշինյանն էլ ժողովրդին համոզելու ու ՍԴ-ն շրջափակելու ունակությունները գործի դնեն, Հրայր Թովմասյանին չեն կարողանալու տեղից շարժել։ Վերջինս չի պատրաստվում աթոռը զիջելու եւ, գործող Սահմանադրությանը հղում անելով, մտադիր է ձեռնոց նետելու ինքնահռչակ նախագահին»:


 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահի պաշտոնում հաստատելուց հետո մտադիր են սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Նպատակը կառավարման նախագահական համակարգին վերադառնալն է: Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իր համար շատ հեշտ կլինի նախագահ ընտրվել լուրջ մրցակցության բացակայության պայմաններում»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` վեթինգի մասին օրենքը պետք է խորհրդարանում քննարկվի հուլիսին` ընդունվի առաջին ընթերցմամբ, իսկ արձակուրդներից հետո, սեպտեմբերին` ամբողջությամբ: Իմքայլական պատգամավորին հարցրինք` աշխատո՞ւմ եք վեթինգի փաթեթի վրա։ «Ոչ, նման նախագիծ գոնե շարքային պատգամավորներս չենք տեսել, նախագծի վրա աշխատում են խիստ սահմանափակ թվով` վստահելի մարդիկ, որ հանկարծ ուտեչկա չլինի»: Իսկ ճի՞շտ է, որ ՍԴ եւ ԲԴԽ թեկնածուների մասով ԱԺ ղեկավարությունը հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խնդրել նրա աջակցությունը, որ ներկայացվածները բարձր ձայներ ստանան։ «ԲՀԿ-ի մասով կդժվարանամ ասել, չնայած նրանց ազատ քվեարկությունը կարող է լինել դրա վկայությունը, սակայն մեզ մեկառմեկ հորդորել են՝ անպայման ներկա լինել, կողմ քվեարկել, չհիվանդանալ, գործուղման չմեկնել»: Այնուհանդերձ, «Իմ քայլից» ոմանք չմասնակցեցին քվեարկությանը։ «Հարցը պետք է ուղղեք չմասնակցածներին»: Կարո՞ղ ենք արձանագրել, որ «Իմ քայլում» պառակտում կա։ «Չեք կարող. կարող ենք արձանագրել, որ «Իմ քայլում» կան անհամաձայնություններ»։ Բոլոր դեպքերում, «Իմ քայլում» դժգոհ են եղել, որ առավոտ կանուխ իրենց բերել են ԲԴԽ թեկնածու Վիգեն Քոչարյանի հետ հանդիպման եւ հիշել են, որ նա Դավիթ Հարությունյանի «կադրն» է, խտրականության օրենքի «հայրը», ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ջատագովը: «Բոլոր դեպքերում, նրանք, որոնք նման կարծիքներ էին հնչեցրել, լավ էլ խելոք կողմ քվեարկեցին Վիգեն Քոչարյանին»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներն իշխանությունը ծրագրում է տանել այն ուղղությամբ, որով ԲԴԽ-ինը տարավ։ Որոշ տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ աշխատում են ՍԴ անդամների վրա, որ նրանք ինքնակամ հրաժարականի դիմումներ գրեն, ու ՍԴ-ն համալրվի իշխանության նախընտրած դատավորներով։ Բանն այն է, որ իրավական տիրույթում հնարավոր չէ հասնել ՍԴ լուծարման կամ ազատվել հին անդամներից, եթե նրանք դիմում չգրեն։ Դա է պատճառը, որ իշխանությունը նրանց դեմ պայքարը տեղափոխելու է կոմպրոմատների դաշտ։ Ի դեպ, հայտնի է, որ դատավորների վեթինգն իրականացնելու են ԲԴԽ-ն եւ Կոռուպցիայի կանխարգելման մարմինը, որի նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամի ընտրության հարցը լուրջ խնդիրներ է ստեղծել ԲՀԿ-ում: Ի սկզբանե որոշված է եղել, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու, եւ այդ որոշման ակտիվ կողմնակիցը եղել է Գեւորգ Պետրոսյանը: Սակայն Նաիրա Զոհրաբյանին հաջողվել է փոխել որոշումը, եւ քվեարկությունը թողնել ազատ, որի արդյունքում ԲՀԿ-ականների մեծամասնությունը կողմ է քվեարկել: Հիմա այս երկու պատգամավորների հարաբերությունները կրկին լարված են»:

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն կառավարությունը չի պատրաստվում դադարեցնել իր օրենսդրական նախաձեռնությունները և հանդես կգա նոր արտահերթների առաջարկությամբ: Ըստ այդմ, թերթին հայտնի է դարձել, որ այս արտահերթ նիստերը կշարունակվեն նվազագույնը մինչև հուլիսի 10-ը: Բանն այն է, որ կառավարությունը մասնավորաբար մի նոր օրենսդրական փաթեթ է պատրաստում, որը պետք է ընդունվի մինչև աշուն. տեղեկությունների համաձայն, խոսքը աշնանը սպասվող վարկային համաձայնագրի հետ կապված օրենսդրական կարգավորումների մասին է, որոնք պետք է ամբողջական տեսքով պատրաստ լինեն վարկային այս նախաձեռնությունը կազմակերպելու համար: Հենց այդ պատճառով էլ օրենսդիրներն իրենց ամառային հանգիստը կարող են պլանավորել լավագույն դեպքում միայն հուլիսի կեսերից հետո: Ի դեպ, չի բացառվում, որ այդ ժամկետը էլի երկարաձգվի՝ մինչև հուլիսի վերջ»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս օրերին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմում 6 անդամներ կան, որոնցից երկուսը Ազգային ժողովի կողմից ընտրվեցին միայն վերջերս։ Եվ դատավորներն ահազանգում են, որ ԲԴԽ-ի ներսում լուրջ քայլեր են պատրաստվում իրականացնել, ինչը կարող է դատավորների շրջանում նոր դժգոհության ալիք բարձրացնել: Դատավորներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին, որ ԲԴԽ-ն այսօրվա իր կազմով կարող է քվորում իրականացնել, և ներքին խոսակցություններ կան այն մասին, որ ԲԴԽ 6 անդամները ցանկանում են նիստ հրավիրել և ԲԴԽ նախագահ ընտրել, որն օրենքով պետք է ընտրվի դատավորների կազմից: Սակայն վերջիններս դա անարդար են համարում, քանի որ կառույցում միայն երկու դատավոր կա։Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում դատավորների թվի համալրմանը չսպասելը խորը արմատներ ունի: Եվ լուրեր են պտտվում, որ իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրվի, օրինակ, դատավոր Սերգեյ Չիչոյանը, որից հետո հրաժարական տա: Այդ ամենից հետո ԲԴԽ թեկնածուները նախագահ պետք է ընտրեն արդեն Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից մեկին: Եվ, ահա, ըստ դատական համակարգում տարածված լուրերի` իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրեն ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, արդեն ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ` նման ենթադրությունները կամ երևակայությունները որևէ ձև հիմնավորված չեն»»։

«Հրապարակ» թերթը գրում է. « «Քաղպայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները եւ թողնել մեկը՝ ասել է ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը։ Ո՞րն է այդ որոշման պատճառը՝ ծախսերի խնայողությա՞ն են գնում։ «Այո, ե՛ւ ծախսերը, ե՛ւ այս փուլում այդպես է նպատակահարմար»,- ասել է նա։ Ամենայն հավանականությամբ, իշխող ուժը ընտրություններից հետո որոշել է ավելորդ հաստիքներ ու աշխատողներ չպահել, դրանք կվերաբացվեն հաջորդ ընտրությունների նախօրյակին»։

«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին վերադարձրել են համակարգ: Հիշեցնենք, որ նրան ու ՊՆ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին համակարգից հեռացրել էին ապրիլյան պատերազմից հետո, սակայն Կարապետյանը հետագայում նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ մի կողմից՝ ապրիլյան իրադարձությունները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվում, մյուս կողմից, դրան զուգահեռ, աշխատանքները կարգին չսկսած ու դեռեւս որեւէ եզրահանգման չեկած, այդ փաստացի մեղավոր համարված ու աշխատանքից հեռացվածներից երկուսը վերադառնում են համակարգ: Այս պարագայում շատերի շրջանում տրամաբանական հարց է առաջանում՝ արդյոք մենք գործ չունե՞նք մի վիճակի հետ, երբ քննիչ հանձնաժողովի աշխատանքները չավարտած՝ արդեն «նշանակվել» են անմեղները, եւ արդյոք ուղղակի հետագայում չե՞ն «նշանակի» «մեղավորներին»՝ ի սկզբանե «մտքում» պահած ունենալով նաեւ վերջիններիս»:

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից մետրոպոլիտենում կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով նոր բացահայտումներ են արվում։ Մեր տեղեկություններով՝ այս քրեական գործով անցնում է նաև Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի որդին, ով նույնպես մետրոպոլիտենում բարձր պաշտոն է զբաղեցրել։ Մեզ հասած տեղեկություններով՝ մետրոպոլիտենի աշխատակիցները բազմաթիվ ցուցմունքներ են տվել հայր և որդի Յայլոյանների դեմ՝ նշելով վերջիններիս կողմից մետրոպոլիտենում կատարված ահռելի թալանի մանրամասները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին