Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք և խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի Զոդի կամրջի հարևանությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով նշված վայրում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի և VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն պատկանում է Արարատի մարզում հայտնի գործարար, «Արարատ» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանին, և նշված ավտոմեքենան գործարանից առևանգել էին, ինչի առթիվ Ա. Սարգսյանը ահազանգ է տվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ էլ հայտարարվել է ավտոհետախուզում։
Բախման հետևանքով «04»-ը գլխիվայր շրջվել է, իսկ 2 հոգի նշված ավտոմեքենայի միջից օպերատիվորեն ժամանած «Արարատ» ԲԿ-ի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Ս. Ռուստամյանի, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Մ. Սարգսյանի ուղեկցությամբ տեղափոխվել «Արարատ» ԲԿ։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ինչպես նաև Ա. Սարգսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ավտոմեքենան առևանգել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան, ով վթարից հետո հեռացել է դեպքի վայրից։


