Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ներկայացվեց հայկական ազգային նոր երաժշտական գործիքը՝ բաս քանոնը, որը միակն է Հայաստանում և տարածաշրջանում: Գաղափարի հեղինակն է կոմպոզիտոր Արա Գևորգյանը, իսկ գործիքը պատրաստել է վարպետ Ալբերտ Զաքարյանը: Վերջինը լարային գործիքներ է պատրաստում:
Արա Գևորգյանը նշեց, որ բաս քանոնի ստեղծման գաղափարն իր մոտ առաջացել էր տարիներ առաջ, երբ քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանի հետ 50 քանոնով ներկայացրել են «Մուշ» ստեղծագործությունը:
«Երբ լսեցի ստեղծագործությունը` զգացի, որ մի բան պակասում է՝ թավ հնչողությունը: Ինձ դուր չեկավ այդ ձայնագրությունը, բասի պարտիան համակարգչի օգնությամբ մեկ օկտավա իջեցրեցի ներքև: Ամեն ինչ գեղեցկացավ: Միտք առաջացավ՝ ստեղծել կոնտրաբասի լարերով բաս-քանոն»,-ասաց Արա Գևորգյանը:
Գաղափարը ծնվել էր, մնում էր գտնել այն իրականացնողին: Երկար փնտրտուքներից հետո Արա Գևորգյանը գտել է վարպետ Ալբերտ Զաքարյանին, ում հետ հեռախոսային կարճ զրուցից հետո հանդիպել են, քանի, որ, ինչպես վարպետն է ասել, նորություն է և անպայման պետք է հանդիպեն և զրուցեն:
«Բաս քանոնը պետք է ունենար հաստ լարեր, և պատրաստվեր ամուր փայտից: Կոնտրաբասի լարերը շատ թանկ են: Ես, ընկերներիս օգնությամբ բերեցի նրան նյութերը, փայտը՝ Տուապսե քաղաքից, որովհետև վարպետն ասաց, որ ամենալավ փայտը գտնվում է այդ տարածաշրջանում: Վարպետը շատ մեծ աշխատանք կատարեց, գիշեր-ցերեկ աշխատում էր: Նա ամեն ինչ ձեռքով էր անում, իսկ ես չէի ցանկանում, որ նա շատ չարչարվի: Ասում էի՝ վարպե՛տ, տանեմ կտրել տամ, բերեմ, չէր համաձայնում: Արդյունքում ունենք պատրաստած երեք քանոն՝ Ալվարդ, Նվարդ և Գոհար՝ հովանավորների անուններով»,-ասաց Արա Գևորգյանը:
Քանոններից մեկը նվիրվեց Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլին, մյուսը՝ Ազգային նվագարանների պետական նվագախմբին, երրորդը` Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի քանոնահարների խմբին: Միջոցառման ընթացքում վարպետ Ալբերտ Զաքարյանը պարգևատրվեց Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով:
Նշենք, որ գործիքի ինքնարժեքը բավականին թանկ է՝ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քանի որ մեծ է լարերի գումարը, որոնք մետաղից են:
Հավելենք, որ Արա Գևորգյանի ցանկությունը բաս քանոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընգրկելն է:
Անի Կարապետյան