Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Բեյրութում գործող հայկական կրթական և հոգևոր-մշակութային կենտրոններ:
Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Հայկազյան համալսարանում, որտեղ հանդիպում է ունեցել Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության խորհրդի անդամների և Հայկազյան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, Բեյրութի հայկական դպրոցների ներկայացուցիչների հետ:
Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան համագործակցությանը, կրթության ոլորտում կապերի խորացմանը, հայկական ինքնության և մասնավորապես, հայոց լեզվի պահպանմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանում գործող հայկական կրթօջախների կողմից ազգային ինքնության պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքը և այդ համատեքստում ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությունը:
Այնուհետև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շրջայց է կատարել Հայկազյան համալսարանում, ծանոթացել հայկական կրթօջախի գործունեությանը և ծրագրերին, նաև զրուցել ուսանողների հետ: Համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոստյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանը և համալսարանի բակում տեղակայված հրթիռի հուշարձանը, որի հեղինակը հայ է: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Հայկազյան համալսարանի կողմից հայագիտութան ոլորտում կատարվող աշխատանքը, իրականացվող ծրագրերը:
Նիկոլ Փաշինյանը նաև գրառում է կատարել Հայկազյան համալսարանի Պատվավոր հյուրերի գրքում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցի հաջորդ կանգառը Հայ Կաթողիկե եկեղեցու Զմմառի պատրիարքական միաբանությունն էր, որտեղ նրան դիմավորել են Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը, Զմմառի վանքի մեծավոր Գաբրիել ծայրագույն վարդապետ Մուրադյանը և Զմմառի վանքի փոխմեծավոր Անդոն Վարդապետ Նորատունկյանը:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Հայ կաթողիկե պատրիարքարանի հոգևոր ներկայացուցիչների և Զմմառի վանքի միաբանության անդամների կողմից մատուռում տրված ողջույնի աղոթքին, մոմավառություն կատարել վանական համալիրի տարածքում գտնվող եկեղեցում, շրջայց կատարել թանգարանում, մատենադարանում և գինետանը, ծանոթացել Զմմառի հայ միաբանության գործունեությանը:
Զմմառի վանքի մեծավոր Գաբրիել ծայրագույն վարդապետ Մուրադյանը նշել է, որ մեծ պատիվ և հպարտություն է հյուրընկալել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին և նրա գլխավորած պատվիրակությանը Զմմառի միաբանությունում: Նրա խոսքով` այսօր համայն հայությունը ուրախ է տեսնելու Հայաստանի հզորացումը և համախմբվել է հայրենիքում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ:
Վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել է ավելի քան 270-ամյա պատմություն ունեցող Զմմառի միաբանության առաքելությունը, դերակատարությունն ու գործունեությունը: Զմմառի վանքի մեծավոր Գաբրիել ծայրագույն վարդապետ Մուրադյանը Զմմառի պատրիարքական միաբանության անունից Նիկոլ Փաշինյանին նվիրել է Տիրամոր պատկերով նկար:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով. «Շատ հուզիչ առիթ է ինձ համար, որովհետև առաջին անգամ եմ գտնվում Հայ Կաթողիկե եկեղեցում և այսպիսի միջավայրում: Սա ինձ համար հիշարժան այցելություն է, որն անընդհատ կուղեկցի ինձ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ մենք չունենանք բաժանարար գծեր: Մենք մեկ ազգ ենք, գալիս ենք նույն տեղից և ձգտում ենք դեպի նույն տեղը, ունենք ընդհանուր երազանքներ, որոնց կենտրոնում Հայաստանի Հանրապետությունն է, Արցախի Հանրապետությունը և հայ ժողովուրդը»:
Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հայ հոգևոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկի` Զմմառի գործունեությունը պատմամշակութային ժառանգության և ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Կարդացեք նաև՝ Ի՞նչ հարցեր են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի նախագահը
Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Բեյրութում
Պարզվեց՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նույնպես սելֆիներ անելու սիրահար է. Փաշինյան
Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ո՞նց է իշխանությունը թաքուն լուծելու Արցախի հարցը. Նիկոլ Փաշինյան
Օրերս հանդիպել եմ Վեհափառին եւ իմացել, որ ինձ ինչ-որ աղանդի հետ են կապում. Փաշինյան