Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ: Ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Այս պաշտոնում նրան փոխարինելու է գեներալ-մայոր Արտակ Դավթյանը
«Սա ավելի բարձր պաշտոն է: Գլխավոր ռազմական տեսուչը բանակում ստուգումներ է իրականացնելու՝ սկսած զորավարժություններից: Ինչ վեաբերում է Արտակ Դավթյանին՝ նա վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում: Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Անդրադառնալով Փաշինյանի կոչին, որն ուղղված էր զինվորների ծնողներին, այն է՝ որեւէ պարագայում երեխաների համար չուղարկել այն ամենը, ինչ որ պետությունը պարտավոր է տալ զինվորին՝ սկսած հիգիենիկ պարագաներից՝ վերջացրած ներքնաշորերով ու սննդով, Աստվածատուր Պետրոսյանը պատասխանեց.
«Այսօր Նիկոլ Փաշինյանը գտել է աղբյուրը, որը պետք է բավարարի այս պահանջը: Մենք էլ գիտենք, թե այդ աղբյուրը որտեղ է, բայց խոսքի, ժամանակի իրավունքը հնարավորություն չէր տալիս դա ուղղել: Մեկը մյուսի վրա էին գցում: Այսօր, Փառք Աստծո, հանգիստ կարող ենք ասել, թե որտեղ ինչ կա: Պետությունը պետք է մոր պես խնամի իր զավակին»:
Գեներալ-մայորը նշեց, որ ակնկալում է նաև փոփոխություններ զենք-զինամթերքի արտադրության ոլորտում:
«Մեր գիտնականները նոր տեխնոլոգիաներ կիրառելուց պատին էին բախվում: Մեկ ասում էին՝ Չինաստանից ենք բերելու, մեկ՝ ՌԴ-ից: Բայց մենք կարող ենք 40-50 տոկոսը մեզ մոտ արտադրել: Նույնը հագուստի դեպքում: 32 գործարան 1998 թվականից հետո տապալեցինք, որ ուրիշից գնենք զինվորական հագուստ, բացատրելով, թե էժան է, այնինչ կոռւոպցիոն ռիսկեր կային այնտեղ: Կարծում եմ վարչապետն ու ՊՆ նախարարը կվերազինեն բանակը»:
Անի Կարապետյան