▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ու Արա Բաբլոյանը հանդիպել են. ընտրություններ կլինեն 1 տարում

Այսօր՝ օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ-ն:

Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով: Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են.

• Անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք։

• Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարեւորագույն երաշխիք է, հետեւաբար օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որեւէ կերպ չպետք է խաթարվի։

• Արադարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

• ՀՀ ԱԺ կողմից 07.06.2018 թվականին հավանության արժանացած Կառավարության ծրագրի համաձայն «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում` մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որեւէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումների  արդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե խորհրդարանում եւ թե հանրային լայն շրջանակներում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ճնշում գործադրել պատգամավորների նկատմամբ: Նրա կարծիքով, կառավարությունը խախտում է խոսքի ազատությունը եւ մարդու իրավունքները:

Իր հերթին Փաշինյանը հայտարարել էր, որ ոչ մի ճնշում չկա և կոչ էր արել հաշվի առնել ժողովրդի կարծիքն ու առկա իրողությունները: Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Արա Բաբլոյանի հետ եւ քննարկել բոլոր հարցերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին