▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլի խոստացած ընտրություններն ինձ ճնշում են երկու պատճառով. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան ալիքում ՀՀ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ գրում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Նիկոլի խոստացած ընտրություններն ինձ ճնշում են երկու պատճառով: Առաջինի մասին ես բազմիցս գրել եմ. նա ստիպել է մեզ իր խաղը խաղալ` հուսալով, որ իր մեղքը լղոզել բոլոր նրանց վրա, ովքեր կհայտնվեն իր կողքին` ընտրական ցուցակում, ընտրատեղամասում և կարևոր չէ` ինչպես, գլխավորը`դեմ չլինեն: Սակայն կա ևս մեկ պատճառ, որը չի կարելի շրջանցել: Մեր հասարակությունը դեռևս չի ձերբազատվել երկիրը ղեկավարող մարդու մեջ փրկչի տեսնելու հույսից:

Փրկչի փնտրտուքը սոսկ վտանգավոր չէ, այն կործանարար է: Բանն այն է, որ առաջին հերթին, փրկիչը պետք է սիրված և հարգված լինի բացառապես բոլորի կողմից: Երկրորդ, նա պարզապես պարտավոր է դառնալ հայկական իրականության Հերակլեսը, որը մաքրում է նիկոլյան ախոռները: Երրորդ, իր վրա վերցնելով այդ բեռը` նա պետք է միանգամից դրական արդյունքներ ցույց տա: Չորրորդ, պետք է պատրաստ լինի նրան, որ միակ բանը, որ կստանա իր աշխատանքի համար, կլինի հայկական մշտական մուննաթը:

Եվ ամեն ինչ լավ կլիներ, սակայն պարզվում է, որ նման որակներով մարդ պարզապես չկա: Կամ էլ ինձ հայտնի չէ:



Այն, որ նման մարդ չկա, իսկ եթե նույնիսկ կա, ապա մեր հասարակությունը նրա մասին չգիտի, ակնհայտ է յուրաքանչյուր տրամաբանող մարդու համար: Սակայն վստահությունն առ այն, որ տիեզերքը Հայաստանի քաղաքացիներին փրկիչ է պարտք, անբեկանելի է: Փրկչի հույսը, վստահությունն այն հարցում, որ փրկիչները հերթ կկանգնեն ընտրություններում` հասարակությանն առաջարկելով իրենց ծառայությունները, անհեթեթ է:

Մյուս կողմից քաղաքական գործիչները, ողնուղեղով զգալով փրկիչ ունենալու հասարակության պահանջը, ստիպված կլինեն պոպուլիստական հռետորաբանություն կիրառել և պարզ լուծումներ խոստանալ: Այլ խոսքով` ստիպված կլինեն ավելի մեծ պոպուլիստ լինել, քան Նիկոլը:

Դա պահանջարկի և առաջարկի վախեցնող համադրություն է, որում ապրանք է հանդիսանալու պոպուլիզմը. սա ուղի է դեպի վերջնական կործանում: Եվ դա լինելու է ինքնակործանում, ինչն ինձ ամենից շատ է վախեցնում:

1940 թվականի մայիսի 13-ին Վինսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթում հայտարարել էր. «Ես կասեմ դա Համայնքների պալատին, ինչպես ասել եմ նրանց, ովքեր համաձայնել են պաշտոններ ստանձնել իմ կառավարությունում. «Ես ոչինչ չունեմ ձեզ առաջարկելու արյունից, ուժասպառ անող աշխատանքից, քրտինքից և արցունքներից բացի»»:

Հաճելի է հիանալ Չերչիլով իր ազնվության համար: Ինձ թվում է, որ պետք է հիանալ բրիտանացիներով` հանուն իրենց ապագայի արյամբ, քրտնաջան աշխատանքով, քրտինքով և արցունքներով պայքարելու պատրաստակամության համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին