Այս տարի, յոթերորդ ամենամյա Նիկոտինի Գլոբալ Ֆորումը (Global Forum on Nicotine 2020 – GFN)՝ միակ միջազգային կոնֆերանսը, որը կենտրոնանում է ծխելու հետ կապված վնասների նվազեցման գործում ավելի ապահով նիկոտինային արտադրանքների դերի վրա, կորոնավիրուսի պայմաններում անցկացվեց անվճար առցանց կոնֆերանսի տեսքով՝ հունիսի 11-ից 12-ը։ Հայաստանից կոնֆերանսին որպես ունկնդիր մասնակցում էին տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, որոնցից մեկը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ասիստենտ, Multi Wellness մարզաառողջարանային համալիրի Բժշկական վերահսկողության և ֆիթնես թեստավորման բաժնի ղեկավար Արփինե Մուրադյանն էր։

Լինելով բժշկական վերահսկողության և ֆիթնես թեստավորման բաժնի ղեկավար, ինչպե՞ս կգնահատեք մեր քաղաքացիների շրջանում ծխելու տարածվածությունը և մարդկանց ընդհանուր վերաբերմունքը այդ վնասակար սովորության նկատմամբ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում: Հայաստանում ծխող մարդկանց թիվը զգալի է։ Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է: Կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը հասնում է 5%-ի:
Կարող եմ նշել, որ չնայած ծխելու պատճառով առաջացող հիվանդությունների մասին բարձր մակարդակի իրազեկվածությանը, այնուամենայնիվ թերի է տեղեկատվությունն այն մասին, թե իրականում որքան վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ծխելը ինչպես ծխողի, այնպես նրան շրջապատող մարդկանց առողջության համար:
Ծխելու գործոնի բացասական ազդեցությունը բնակչության շրջանում պետք է ներկայացվի մատչելի և ազդեցիկ: Գտնում եմ, որ դրական արդյունք կունենա նաև առողջապահական ոլորտի հայտնի ամսագրերում ծխելու վնասակար ազդեցությունների մասին ամբողջ աշխարհում կատարվող գիտական հետազոտությունների արդյունքերի տպագրված աշխատանքների վերհանումը և լուսաբանումը բնակչության տարբեր կոնտինգենտների շրջանում: Ցավով պետք է նշեմ, որ նկատելի է ծխելու տարածվածության զգալի աճը կանանց շրջանում՝ հատկապես վերարտադրողական շրջանում գտնվող:
Համաձայն ԱՀԿ-ի` այն պետությունները, որոնք իրականացնում են ծխելու հակազդմանն ուղղված ռազմավարություններ և ծրագրեր, հետագայում ստանում են զգալի դրական արդյունքներ` ազգաբնակչության առողջության և բարեկեցության, աշխատանքի արտադրողականության բարձրացման և սոցիալական զարգացման առումով: Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել նման ռազմավարությունների իրականացմանը:
Կարծում եմ պայքարը ծխելու գործոնի դեմ միայն առողջապահական ոլորտի ներգրավմամբ չէ, որ պետք է իրականացվի: Այս հարցում տարբեր ոլորտների ներգրավվումը, առողջապահության հետ համատեղ, կնպաստի ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ մոդելի ստեղծմանը և խնդրի լուծմանը: Այդ մոդելում ամենակարևոր բաղադրիչներից մեկը պետք է լինի բնակչության առավելագույն իրազեկումը ծխելու վնասների մասին:
Ո՞րն էր Նիկոտինի Գլոբալ Ֆորումի քննարկման հիմնական առարկան։ Որո՞նք են աշխարհում ծխելու դեմ պայքարի ամենաառաջատար և արդյունավետ ռազմավարությունները։
Ծխելու դեմ պայքարը առողջապահության կարևոր խնդիրներից մեկն է ամբողջ աշխարհում: Այս պայքարում դոմինանտ ռազմավարություններից մեկը ծխելու վնասի նվազեցումն է, որն ուղղված է հասարակության յուրաքանչյուր անդամի առողջության պահպանմանը և նպատակաուղղված է ոչ թե առողջության համար վնասակար վարքագծի արգելմանը, այլ վնասակար հետեւանքների նվազեցմանը եւ ավելի անվտանգ վարքագծով փոփոխմանը: Եթե անհատը չի կարողանում կամ չի ուզում թողնել ծխելու սովորությունը, ապա գոնե պետք է փորձի փոխարինել ծխախոտը ավելի անվտանգ միջոցներով:
Սա աշխարհում ծխելու դեմ պայքարի ամենաառաջատար և արդյունավետ ռազմավարություններից մեկն է։
Նիկոտինի Գլոբալ Ֆորումը ներկայացնում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ծխելու ալտերնատիվ միջոցների տոքսիկոլոգիան և թեստավորումը, կլինիկական ուսումնասիրությունները, նիկոտինային կախվածությունը, ոլորտի նոր ապրանքատեսակները, արտադրության զարգացումները, տարբեր երկրների էֆեկտիվ օրենսդրությունները և այլն։ Ֆորումը տրամադրում է հարթակ կարծիքների փոխանակման եւ վիճելի հարցերի քննարկման համար:
Նիկոտինի Գլոբալ Ֆորումը որն այս տարի, ելնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, ևս մեկ անգամ կենտրոնացել էր ծխելու հետ կապված վնասների նվազեցման գործում ավելի քիչ վնասով նիկոտինային արտադրանքների դերի վրա:
Տարբեր փորձագետներ խոսեցին նիկոտինի հետ կապված թեմաների շուրջ՝ ներառյալ վերջերս տարածում ստացած տեղեկությունները նիկոտինի, ծխելու և կորոնավիրուսի միջև կապի մասին:
Միջոցառման ժամանակ շատ էր խոսվում նորագույն տեխնոլոգիաների միջոցով նիկոտինի ստացման ավելի անվտանգ միջոցներ ստեղծելու մասին։ Ի՞նչ եք կարծում արդյոք դա պայքարի արդյունավետ միջոց է։
Իհարկե ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ ակնկալվող արդյունքը այս վնասակար սովորության իսպառ վերացումն է, բայց ցավոք դա այդքան էլ հեշտ չէ: Ուստի ծխելու վնասի նվազեցման ռազմավարությունը աշխարհում՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով նիկոտինի ստացման ավելի անվտանգ միջոցների ստեղծումն է և դրանց կիրառումը:
Ամբողջ աշխարհում այսօր իրականացվում են նման հետազոտություններ. որոնց հիման վրա և թույլատրվում են նոր տեխնոլոգիաների կիրառումը: Եթե մենք խոսում ենք որևէ միջոցի արդյունավետության մասին, ապա պետք է հիմնվենք միայն գիտական տվյալների և գործնական փորձի վրա:
Ինչպես նշվեց Նիկոտինի Գլոբալ Ֆորումի քննարկման ժամանակ նորագույն տեխնոլոգիաների միջոցով նիկոտինի ստացման ավելի անվտանգ միջոցները կարող են իսկապես արդյունավետ լինել ծխելու դեմ պայքարում:
Քանի որ մեր մոտեցումներն այս և առողջության հետ կապված այլ հիմնախնդիրների հետ գիտագործնական են, ուստի մենք նույնպես պլանավորում ենք կատարել նման հետազոտություններ՝ պարզելու համար նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը և ազդեցությունը առողջության ցուցանիշների վրա:
Վերջերս դուք Ավստրիայի բժշկական համալսարաններից մեկի հետ համատեղ անցկացրել եք հետազոտություն, որի մեջ ներառված է եղել ծխելու թեման, ի՞նչ կպատմեք այդ հետազոտության մասին։
Արդեն մոտ մեկ տարի է, Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի (Medical University of Graz, Austira) հետ համատեղ սկսել ենք իրականացնել մի շարք հետազոտություններ, այդ թվում նաև՝ առողջության և ֆիզիկական ակտիվության մակարդակի վրա ծխելու ազդեցությունը: Հետազոտության նպատակը ծխողների և չծխողների շրջանում Էնդոթելի, սթրեսակայունության և առողջության ցուցանիշների ուսումնասիրումն է: Արդյունքները մոտ ապագայում կհրապարակվեն:
Կարծում եմ, որ մեր համատեղ գիտահետազոտական գործունեությունը կլինի շարունակելի և երկարատև, քանի որ մշակված ծրագրերը շատ կարևոր և արդիական են: Նշեմ, որ մեր հետազոտական թիմի կարևոր նպատակներից մեկը հիվանդացության ցուցանիշների իջեցմանը և հիվանդությունների կանխպարգելմանը ուղղված հետազոտությունների և դրանց արդյունքների հիման վրա կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու կյանքի կոչելն է :
Պլաններն ու նպատակները շատ են, սակայն, նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում, արդեն ունենք բավականին լուրջ ադյունքներ և գործունեությունը լինելու է շարունակական:


