Նոր մանրամասներ են հայտնի դարձել այս գիշեր Երևանում տեղի ունեցած գիշերային ռազբորկայից. վիրավորների ու թաղապետերի անունները հայտնի է:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 1-ին, մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում. ժամը 00։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ՝ դանակահարված։

Հիվանդանոցում բժիշկները ոստկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, ու մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են,որ նշված անձինք վիրավորվել են Թոխմախի գերեզմաններում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոցից ոստիկաններն ու քննիչները մի քանի խմբերով 1.5 ժամից ավելի գերեզմանների ողջ տարածքում ստուգում էին, որպեսզի գտնեին դեպքի վայրը։ Նրանց հաջողվում է հայտնաբերել մարտաֆիլմ հիշեցնող վայրը, որտեղ հայտնաբերվում են արնանման հետքեր, ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են վիրավորների ինքնությունը. նրանք են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Գագիկ Խաչատրյանը, 35-ամյա Հրաչյա Բոյաջյանը, 27-ամյա Համլետ Վանոյանը և 30-ամյա Արման Հովհաննիսյանը։ Դեպքի վայրի զննությամբ քննչներն առգրավել են հայտնաբերված ավտոմատը, ատրճանակը, կրակված պարկուճները, «բարսետան»։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։
Հավելենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․
«Shamshyan .com-ի հաղորդմամբ, երեկ Երևանի քաղաքային («Թոխմախ») գերեզմանատան մոտ քրեական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվածք ստացած անձանցից մեկին հիվանդանոց ենք տեղափոխել ես և Մալաթիա-Սեբաստիա վ/շ ղեկավար Դավիթ Կարապետյանը:
Թյուրընկալումներից խուսափելու համար տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունեցել: Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Դավիթ Կարապետյանի հետ, նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք: Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, ով, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց:
Հուսով եմ՝ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, և նրա (ինչպես նաև ըստ մամուլի՝ մյուս վիրավորների) առողջությունը շուտ կվերականգնվի: Հորդորում եմ քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթ»։


