Երեկվանից Գորիս քաղաքում իրավիճակը շարունակում է մնալ լարված. բնակիչները սարսափած են հունիսի 1-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից եւ չեն համարձակվում բարձրաձայն խոսել դեպքի մասին:
Hetq.am-ն է գրում ու նոր մանրամասներ ներկայացնում: Հրապարակումը` ստորև.
Քաղաքում անվստահության մթնոլորտ է, իսկ կատարվածի վերաբերյալ պատմությունները շատ կցկտուր ու հակասական են: Սակայն երեկ երեկոյան, երբ դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են զինվորական դատախազությանը` գործի նախաքննությունն իրականացնելու նպատակով, կարծես որոշակի հստակություն է մտցվել դեպքերի ու իրադարձությունների մեջ:
Երեկ լրատվամիջոցները տարածեցին մի հաղորդագրություն, ըստ որի՝ Սյունիքի մարզպետի տան բակում տեղադրված տեսախցիկները նկարահանել են միջադեպը, եւ ոստիկանները ձայնագրությունն առգրավել են: Որոշ տեղեկությունների համաձայն` առգրավված տեսաժապավենները նախապես հանվել էին, որի պատճառով սկզբում հնարավոր չի եղել պարզել միջադեպի մասին իրականությունը: Սակայն ավելի ուշ Գորիս ժամանած ՀՀ զինդատախազը տեսախցիկներից առգրավել է հիշողության քարտերը, որի շնորհիվ պարզ է դարձել, որ Արտակ Բուդաղյանին տեղ հասնելուն պես կրակել է մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը: Վերջինս երեկ ձերբակալվել է:
Երեկ մամուլն ու սոցիալական ցանցերը լի էին դեպքի վերաբերյալ հակասական լուրերով, թե որն է մյուսին հաջորդել՝ փորձելով լույս սփռել իրադարձության մանրամասների վրա: Ավելի ուշ իրազեկ անձանց հայտնի է դարձել, որ ցերեկվա ճաշկերույթի ժամանակ տեղի ունեցած վիճաբանությունից որոշ ժամանակ անց Ավետիք Բուդաղյանը գնացել է Սյունիքի մարզպետի (Լիսկայի) տուն, իսկ մինչ այդ զանգահարել է եղբորը` Արտակ Բուդաղյանին: Վերջինս երբ տեղ է հասել, եղբորը գտել է մարզպետի առանձնատան բակում սպանված, նույն ժամանակամիջոցում նա հրազենային կրակոցներ է ստացել թիկունքից:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 23:40-ին, ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Գորիս քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Կրակոցներից տեղում մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արտակ Բուդաղյանին վիրահատել են Գորիսի հիվանդանոցում, ապա տեղափոխել Երեւան՝ զինվորական հոսպիտալ: Հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ Սյունիքի մարզպետի թիկնապահը` Նիկոլայ Աբրահամյանը, ով գտնվում է հիվանդանոցում: