▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորություն է, որ զարմանում եք ընտրական տեղամասից դուրս բերված քվեաթերթիկների համար.Տիգրան Մուկուչյան

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի հինգ մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են ազատ և արդար,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ համայնքի ղեկավարի պաշտոնների համար առաջադրվել է 408 թեկնածու՝ անկուսակցական էր 144 թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունից՝ 1, «Ալյանս» կուսակցությունից՝ 1, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 6, «Լուսավոր Հայաստան»-ից՝ 2 , ՀՅԴ-ից 15 թեկնածու, ՀՀԿ-ից՝ 230, «Հայկական Վերածնունդ»-ից՝ 6, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ 3 թեկնածու:

Ինչ վերաբերում է առաջադրումներին, ապա ըստ ներկայացված տվյալների, ինքնաառաջադրման կարգով առաջադրվել է համայնքի ղեկավարի 218՝ «Բարգավաճ Հայաստանից»՝ 1, ՀՅԴ-ից՝ 1, ՀՀԿ-ից՝ 180, «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից՝ 5, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 3 թեկնածու:  

58 համայնքում ընտրվել են նոր ղեկավարներ, որոնցից 8-ը խոշորացված համայնքներ են եղել՝ Արարատի մարզի Ուրցաձոր, Սյունիքի մարզի Գորայք, Գորիս, Մեղրի, Տեղ համայքները և Տավուշի մարզի Այրում, Կողբ, Նոյեմբերյան համայնքները:  

Անդրադառնալով ընտրության ժամանակ արձանագրված խախտումներին՝ Տիգրան Մուկուչյանը նկատեց.

«Եղել է 2 դեպք, երբ քվեաթերթիկը տեղամասից դուրս է բերվել: Դա նորություն չէ, նորությունը դրա վերաբերյալ արտահայտված զարմանքն է: Անկախ նրանից՝ որևէ մեկին դուր գալիս է, թե ոչ, կա կարգ՝ ընդունված 2011 թվականին: Դրույթները հետևյալն են՝ երբ տեղամասային կենտրոն է գալիս  քաղաքացի, և նա որևէ կերպ չի կարողանում մուտք գործել  տեղամասային կենտրոն, ապա այնտեղից, վստահված անձանց ուղեկցությամբ քվեաթերթիկը դուրս է բերվում, և նա այնտեղ կատարում է քվեարկությունը:

Սա գուցե լավ  կարգավորում չէ, բայց, որ նման իրավադրույթներ սահմանված են, փաստ է: Հետևաբար, անհասկանալի էին այս հանգամանքի հետ կախված դատողությունները»:

Հաջորդ խնդիրը այլ անձանց փոխարեն քվեարկելուն էր վերաբերում.

«Սա 22 քաղաքացու հետ էր կապված, ու հիմնականում հայր և որդի կամ տատ ու թոռ եկել են տեղամասային կենտրոն, մեկը քվեարկել է մյուսի փոխարեն, ստորագրել մյուսի անվան դիմաց և այս պարագայում խոսել այլ անձի փոխարեն քվեարկության մասին, դա ուղղակի ծայրահեղություն է»,-ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին