Արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրն էլ դեռ չի ավարտվել, բայց հասցրել ենք տարբեր բողոքներ ստանալ մեր համաքաղաքացիներից: Նրանք հիմնականում դժգոհում են անհետաձգելի ժամկետներով գործարքների վավերացման անհարկի ձգձգումներից: Մանավորապես քաղաքացի Լուսինեն և Հակոբը բավական ժամանակ են ծախսել կադաստրում գործարք անելու համար:

«Ահավոր է կադաստրը, նախ հանրային տրանսպորտով գնացինք հասանք տեղ, դուռը դեմքներիս փակեցին` ասելով, որ գնանք նոտարի մոտ ու նոտարին ասենք կադաստր ուղարկվող փաստաթուղթը էլեկտրոնային ուղարկի: Ի՞նչ է սա նշանակում, նոտարը մա՞րդ չի, չի՞ վախենում, ռիսկեր չի՞ տեսնում, թե Կադաստրի աշխատողի արյունն է կապույտ: Մյուս կողմից էլ սիրտներս կախ էր, որ հանկարծ բա որ նոտարն էլ հանի մեզ սիրուն ձևով ճանապարհի առանց գործարք անելու»,- մեզ հետ զրույցում նշեց Լուսինեն:
Որոշեցինք զանգահարել Կադաստր, մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին: Պատահականության սկզբունքով զանգեցինք որոշ վարչական շրջանների նոտարական գրասենյակներ: Նոտար Անահիտ Ղազարյանը նշեց, որ իրենց գրասենյակում քաղաքացիների ընդունելության կարգի փոփոխություն չի եղել:Նրա խոսքով` սովորական աշխատում են` ախտահանելով իհարկե միջավայրը:
«Արտակարգ դրությունը չի կարող ազդել քաղաքացու իրավունքի իրացման առաջնահերթության վրա: Մարդիկ մինչ այսօր ընթացքի մեջ գտնվող հազարավոր գործեր ունեն, որոնք վավերացման ենթակա են ու նոտարը չի կարող հենց այնպես դուռը կողպել ու «ինքնամեկուսանալ»»,- նշեց Կենտրոնի նոտար Մարինե Մանուկյանը: Նա չցանկացավ սուր գնահատականներ հնչեցնել Կադաստրի գործելաոճի ուղղությամբ` նշելով, որ քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող յուրաքանչյուր աշխատողի համար էլ այս օրերին մեծ ռիսկ կա. « Բոլորս էլ դա գիտակցում ենք ու փորձում ենք հնարավորինս հետևել ցուցումներին, ախտահանել աշխատասենյակն ու աշխատասեղանը, սա էլ մի փուլ է, որը հաղթահարելի պետք է լինի».- եզրափակեց նոտար Մանուկյանը:


