Ղազախստանի առաջին նախագահ 79-ամյա Նուրսուլթան Նազարբաեւը վարակվել է կորոնավիրուսով, նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Ղազախստանի առաջին նախագահի կայքում հրապարակած հաղորդագրությունը փոխանցում է ТАСС-ը։
«Ներկայումս Ղազախստանի առաջին նախագահը գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Ցավոք, ելբասիի (ազգի առաջնորդը-խմբ) կորոնավիրուսային վարակի վերջին թեստը դրական արդյունք է գրանցել։ Անհանգստության առիթ չկա։ Նուրսուլթան Նազարբաեւը շարունակում է աշխատել հեռակա կարգով», - ասված է հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի տարածման կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմը Ղազախստանում գործել է մարտի 16-ից մայիսի 11-ը, սակայն հանրապետության տարբեր շրջաններում կարանտինային միջոցառումները նախկինի պես պահպանվում են: Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվելու 15 877 դեպք է հայտնաբերվել, 9 902 մարդ ապաքինվել է, 100-ը մահացել է:
Նազարբաեւը, որը Ղազախստանը ղեկավարել է շուրջ 30 տարի, 2019 թվականի մարտի 19-ին վայր է դրել պետության ղեկավարի լիազորությունները: Ընդ որում, նա պահպանել է Հանրապետության Անվտանգության խորհրդի, կառավարող «Նուր Օթան» կուսակցության, Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի, Սահմանադրական խորհրդի անդամի պաշտոնները, ունի պատվավոր սենատորի կարգավիճակ:


