▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը կվերսկսվի

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը վերսկսվում է:

Այն առաջարկվում է կազմակերպել հետեւյալ կերպ.

Այն առաջարկվում է կազմակերպել հետեւյալ կերպ.

1. Բարձրագույն, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններն ուսուցումը կկազմակերպեն հեռավար եղանակով, բացառությամբ որոշ մասնագիտություններով գործնական պարապմունքների, որոնք պետք է պլանավորվեն ուսումնական կիսամյակի վերջում եւ անցկացվեն:

2. Հանրակրթական ուսումնական հաստատություններում ամբողջությամբ հեռավար կգործեն ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները։ Մյուս համայնքներում տեղակայված հանրակրթական ուսումնական հաստատություններում 5-12-րդ դասարանները կգործեն ՀՀ առողջապահության նախարարի սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:

3. Հանրակրթական ուսումնական հաստատություններում 1-4-րդ դասարանների ուսուցումը հեռավար կազմակերպելը նպատակահարմար չէ՝ ելնելով այս դասարաններում հեռավար ուսուցման անարդյունավետությունից։ Ավելին, հաշվի առնելով դեռեւս 2020-ի մարտից նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված կրթական գործընթացի ոչ լիարժեք իրականացումը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ առկա կանխատեսումների համաձայն համավարակի նահանջ առաջիկա ամիսներին չի կանխատեսվում, այս դասարաններում հեռավար ուսուցումը կարող է հանգեցնել սովորողների համար լրացուցիչ ուսումնական տարի սահմանելուն, ինչը նշանակալի բացասական ազդեցություն կունենա տասնյակ հազարավոր երեխաների հետագա բնականոն զարգացման վրա։ Հետեւաբար, այս դասարաններում, անկախ տվյալ ուսումնական հաստատության տեղակայվածությունից, ուսուցման գործընթացը  կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարի սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:

4. Քանի որ նախադպրոցական հաստատությունների գործունեությունը հեռավար ձեւով իրականացնել հնարավոր չէ, իսկ գործունեության շարունակական դադարեցումն երեխաների զարգացման տեսանկյունից առաջ է բերում զգալի բացասական հետեւանքներ, ինչպես նաեւ, հաշվի առնելով այն, որ այս հաստատությունների գործունեության բացակայության պայմաններում առաջ են գալիս ինչպես ոլորտում ներգրավված հազարավոր աշխատակիցների, այնպես էլ ընտանիքների սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, առաջարկվում է նախադպրոցական հաստատությունների գործունեությունը վերսկսել սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:

5.Նույն իրավիճակն է առաջանում նաեւ արվեստի, գեղարվեստի, երաժշտական դպրոցների գործունեության պարագայում։ Ուստի, վերջիններիս գործունեությունը նույնպես առաջարկվում է վերսկսել սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:

Նախարարությունից տեղեկացնում են, որ այս իրավիճակում կրթական համակարգն առաջնահերթ քայլեր է ձեռնարկել նաեւ հետեւյալ երկու կարեւոր խնդիրների ուղղությամբ.

- Արցախի Հայաստանի տեղափոխված հազարավոր երեխաների կրթության իրավունքի իրացումը,

- պատերազմական եւ հետպատերազմյան պայմաններում երեխաների զարգացումը, հոգեկան առողջությունն ու անհրաժեշտ աջակցության ապահովումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին