▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի նահանջ. Տիգրան Մելքոնյանը հրամանատարին ասել է, որ կրակեն իրեն մեջքից, եթե տեսնեն՝ գերի է ընկնում. Հերոսի կյանքն ու կռիվը

20-ամյա Տիգրան Վահանի Մելքոնյանին բոլորը ճանաչում էին  իբրև սովորական երիտասարդի, սակայն սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմն ապացուցեց, որ Տիգրանն արտասովոր հերոս էր, ով հայրենիքի համար կռվեց իսկական մարտիկի նման: Պատերազմի հենց առաջին օրը նրա հայրենասիրությունն ու սեփական կյանքը փրկելու հնարավորությունը խաչվեցին մի կետում. այդ կետում էլ ավարտվեց մեր հերոսի կյանքն ու կռիվը: Տիգրան Մելքոնյանը կռվել է Մատաղիսում մինչև վերջին շունչը՝ չթողնելով իրեն վստահված դիրքն ու պահելով բարձունքը: Պատահական չէ, որ քաջության, ճարպկության ու հոգատարության համար բոլորը նրան ասում էին Մատաղիսի Տիկո:

«Վերջին անգամ նրա հետ խոսել եմ սեպտեմբերի 26-ի երեկոյան: Շատ ուրախ էր, բարձր տրամադրություն ուներ: Իսկ երբ հարցրի՝ տղես, ո՞նց ես, մի բառով պատասխանեց՝ ուժեղ, մամ»,- Asekose.am-ի հետ զրույցում պատմեց հերոսի մայրը՝ Նարինե Գալստյանը:

Առանց ավելորդ բառերի ու բացատրությունների. սա էր հայրենիքը սիրելու Տիգրանի միակ բանաձևը, որին նա հետևեց ծառայության ողջ ընթացքում՝ հայրենիքին ծառայելու համար տված երդումը վեր դասելով սեփական կյանքից:

Սեպտեմբերին գումարտակով մատաղ էին արել, գնացել եկեղեցի, իսկ սեպտեմբերի 25-ին բարձրացել էին դիրքեր: Առավոտյան 165-րդ մարտական դիրքի ուղղությամբ թշնամին ակտիվ գրոհ է սկսել անօդաչու թռչող սարքերով, տանկերով ու հրետանիով: Հենց սկզբից Տիգրանն ընկերներին իջեցրել է դիրքերից, իսկ ինքը 6 սպաների հետ շարունակել է մարտնչել մինչև վերջին շունչը: Մատաղիսի Տիգրանը նահանջի հրամանին չի ենթարկվել, ավելին՝ 6 սպաներին ասել է. «Ոչ մի նահանջ, դուխով կռվեք»:  20-ամյա զինվորը ռացիայով հրամանատարին հասցրել է ասել, որ եթե հեռվից տեսնեն, որ  թշնամուն հաջողվել է իրեն գերի վերցնել, թող իրեն մեջքից կրակեն:

Ծառայակից ընկերները վստահեցնում են, որ Տիգրանի դուխը ոչ մեկը չուներ, անգամ կենաց ու մահու պայքարում, ֆիզիկական ու հոգեբանական անասելի խնդիրների մեջ նա մի վայրկյան անգամ հետ չի նայել. ինչպես կյանքում, այնպես էլ ռազմի դաշտում Տիգրանը չէր կարող անավարտ թողնել իրեն բաժին հասած կռիվը:

Տիգրանը սովորում էր Տնտեսագիտական համալսարանի վիճակագրության  բաժնում, մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել էր բանակ: Երիտասարդ հերոսը ծառայության ընթացքում երբեք ոչնչից չի դժգոհել՝ ո՛չ սննդից, ո՛չ հագուստից: Մայրը հիշում է, որ իր անհանգիստ հարցադրումներին որդին միշտ պատասխանում էր՝ «Մամ ջան, սաղ «տոչնի ա»:

«Սկզբում շատ անհանգիստ էի, որովհետև ամեն բան չէր ուտում, իսկ ինքը միշտ ինձ հանգստացնում էր ասելով՝ «Մամ, ամեն ինչ էլ ուտում եմ, որ չուտեմ, կմեռնեմ» ու սկսում էր բարձր ծիծաղել: Միայն հետո ենք իմացել, որ 20 օր միայն ցամաք հաց է կերել»,- Asekose.am-ին ասաց տիկին Նարինեն:

Տիգրանի  համբերատարությունն ու հոգատարությունը դրսևորվում էր նաև ծառայության ընթացքում: Լինելով դիրքի ավագ՝ Տիգրանը ծառայակից ընկերներին անվանում էր էրեխեքս: Մայրը հիշում է, որ մի օր ինչ-ինչ պատճառներով դիրքեր հաց չէր հասել, որդին ասել էր, որ իր բաժինը կիսել է իր էրեխեքի հետ:

«Մի օր զանգեց, աշխատանքի վայրում էի՝ մանկապարտեզում։Երեխաներից մեկը լացում էր այդ  ընթացքում, կանգնեցրել էի  կողքիս ու փորձում էի հանգստացնել: Ասաց՝ մամ, էդ ի՞նչ ձայն ա: Ասացի՝ բալես, երեխեքն են լացում են, մամաներին են ուզում։ Տիգրանս սկսեց բարձր ծիծաղել, ասաց՝ վայ, մամ ջան, պատկերացրու ստեղ էլ  ա նույն վիճակը»,- Asekose.am-ի հետ զրույցում անկեղծացավ հերոս Տիգրանի մայրը:

Երիտասարդ տղան սիրահարված էր իր համադասարանցի աղջկան, սակայն որքան էլ որ նա ճարպիկ ու դուխով էր, բայց այդ թեմայով մշտապես խուսափում էր խոսելուց, ամաչում էր, բայց վստահեցնում էր, որ ծառայությունն ավարտելուց հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: 20-ամյա հերոսը դեռ բազում երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք պետք է իրականացներ զորակոչվելուց հետո՝ շարունակեր զինվորական հոր՝ Վահան Մելքոնյանի գործը, սեփական տուն կառուցեր, իսկ մորը խոստացել էր, որ 50-ամյակին նրա համար մեքենա է գնելու: Սակայն, ցավոք, շատ երիտասարդների նման, Տիգրանի երազանքներն այդպես էլ անկատար մնացին:

На изображении может находиться: 1 человек, на улице и часть тела крупным планом

Հերոսի մայրը 63 օր հավատով ու հույսով սպասել է որդու վերադարձին՝ չիմանալով, որ Տիգրանն անմահացել է պատերազմի հենց առաջին օրը: Հրադարադարից հետո միայն հնարավոր էր եղել դուրս բերել երիտասարդ զինվորի մարմինը:

Տիկին Նարինեի խոսքով՝ իրեն ոչ մեկն ու ոչինչ չի կարողանում սփոփել, որդու հանդեպ կարոտն անսահման է, իսկ ցավը՝ անասելի: Միակ տեղը, որտեղ մեր հերոսի մայրը փոքր ինչ հանգստություն է գտնում, որդու այժմյան տունն է՝ Եռաբլուրը: Իսկ իրենց տանն ամեն ինչ այնպես է, ինչպես գնալուց առաջ թողել էր կարգ ու կանոն սիրող, մաքրասեր Տիգրանը, ամեն ինչ նրան է հիշեցնում: Վերջին անգամ մայրը որդուն տեսել էր փետրվարին, երբ Տիգրանն արձակուրդ էր եկել, հանդիպում, որը միշտ մնալու է տիկին Նարինեի հիշողության մեջ:

Ժպիտը դեմքին, ուրախ ու ապագայի նկատմամբ անսահման հավատով լցված. այսպիսին է հիշում նրան մայրը վերջին հանիպումից հետո.

«Երբեմն ասում եմ, որ ինձ հերոս պետք չէր, ինձ իմ որդին էր պետք, բայց հասկանում եմ նաև, որ եթե իմ Տիգրանը 6 ժամ չպայքարեր մինչև մյուսների գալը, թշնամին կարող էր մտնել արդեն Հայաստան: Նույնը կարող եմ ասել նաև իրենց կյանքը զոհած մեր մյուս տղաների մասին»:

Տիգրանի կյանքի վերջին րոպեներն ու նրա չապրած տարիները միշտ կմնան նրա ծառայակից ընկերների հուշերում ու սրտում: Նրանք այսօր էլ ամեն ինչ անում են՝ վառ պահելու համար իրենց հերոս ընկերոջ հիշատակը, հաճախ են այցելում տիկին Նարինեինիսկ վերջինս էլ նրանց միջոցով գոնե փորձում է որդու կարոտն առնել:

Հոգատար, դուխով, ճարպիկ, բայց միևնույն ժամանակ ամաչկոտ ու համեստ. այսպիսին են ճանաչել  և այսպիսին են հիշելու հերոս Տիգրանին նրա հարազատներն ու ընկերները: Նրանք այսօր կսկիծով «մեղադրում են» Տիգրանին նահանջի հրամանին չենթարկվելու համար, սակայն բոլորն էլ խոստովանում են, որ Տիգրանը նահանջող տեսակ չէր. նոր սերունդն իր կռիվն ուներ, իսկ դուխով ու հայրենասեր Տիգրանը չէր կարող այս կռվում իր բաժինը պայքարը չմղեր, պայքար, որը, ցավոք, դարձավ նրա կյանքի վերջին  կռիվը:

Հավերժ փառք ու խոնարհում քեզ, մեր ՀԵՐՈՍ, դու անմահ ես:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կարադացեք նաև՝ Չնահանջեցիր, որովհետև տեսակդ դա էր. ուղիղ 2 ամիս հավատում էինք, որ հնարավորություն կգտնեիր փրկվելու. Մարիամ Ալեքսանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին