«Ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղ չի ուղարկվի»,-այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը միջազգային օրակարգի արդիական հարցերի վերաբերյալ ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
«Թուրքիայի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղ չեն ուղարկի։ Այս մասին հստակ ասված է «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների հայտարարության մեջ,- ասել է նա։
«Թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում մոնիթորինգային կենտրոնի տեղակայման վայրով»,-հայտնել է նա:
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելու փորձեր չի տեսնում։
«Առայժմ ես չեմ տեսնում նշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան համոզված է, որ բոլոր կողմերը շահագրգռված են Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմամբ: