▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ ամերիկացիներ զանգում են իմ եղբայր Իլհամ Ալիևին․ Էրդողանը սպառնացել է ԱՄՆ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ԱՄՆ-ի կողմից իր երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքին, նշել է, որ Միացյալ Նահանգները չգիտի, թե ում հետ գործ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է CNN Turk-ը, այս մասին Էրդողանն ասել է իր գլխավորած իշխող «Արդարության ու զարգացում» կուսակցության Մալաթիայի համագումարի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ ունեցած հակասություններին ու Ադրբեջանին իր աջակցությանը:

«Որոշ ամերիկացիներ զանգում են իմ եղբայր Իլհամ Ալիևին ու ասում. «Մենք գիտենք, թե ով է ձեր կողքին կանգնած: Դուք Թուրքիային եք ապավինում, բայց մենք Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կսահմանենք»: Ախր դու (դիմում է ԱՄՆ-ին- խմբ.) չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել: Մի՛ ուշացրու, սահմանիր քո պատժամիջոցները տեսնենք: Մենք F-35 կործանիչի համար մեր քայլն արեցինք, ձեզ գումարը վճարեցինք, իսկ դուք մեր F-35-երը չտվեցիք, չեք տալիս ու մեզ էլ սպառնում եք՝ ասելով՝ հետ տվեք Ռուսաստանից գնած S-400-ները: Մենք հո գաճաճ պետություն չե՞նք: Մենք Թուրքիան ենք, Թուրքիան»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ տարիներ առաջ, երբ ինքը նոր էր վարչապետ դարձել, ԱՄՆ-ից ԱԹՍ են ցանկացել, սակայն չեն ստացել:

«Չտվեցին, ձգձգեցին: Դրանից ի՞նչ եղավ: Մենք ԱԹՍ-ի տեր դարձանք ու հիմա ոչ թե սովորական այլ հարվածային: Այդ Հարվածային ԱԹՍ-ներն այժմ աշխարհում օրինակ են դարձել: Որոշ երկրներ էլ ցանկանում են հարվածային ԱԹՍ-ների հարցում մեզ համար խոչընդոտներ ստեղծել»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին