«Տոմս դեպի ՎԵԳԱՍ» («Билет на VEGAS») ֆիլմում ռոք ընդ ռոլի արքա Էլվիս Փրեսլիի նմանակին մարմնավորելը ազգությամբ հայ հայտնի դերասան Միխայիլ Գալուստյանի համար դժվար է եղել, քանի որ նա ստիպված է եղել խաղալ նմանակի դերը, ով էլ, ըստ սցենարի, վատ է խաղում ռոք ընդ ռոլի արքայի դերը, այսինքն՝ հայ դերասանը խաղացել Էլվիս Փրեսլիի անհաջող նմանակի դերը: Այս մասին ինքը՝ Միխայիլ Գալուստյանը պատմել է ռուսաստանյան tden.ru-ի հետ զրույցում:
Դերասանը նշել է, որ բացի Փրեսլիի նմանակին մարմնավորելը, նա նաև նշված ֆիլմի համապրոդյուսերն է եղել: Միխայիլ Գալուստյանը համարում է, որ իրեն 99 տոկոսով հաջողվել է լավ կատարել իր դերը: Բացի այդ՝ նա Լաս Վեգասում հասցրել է նաև խաղատներ այցելել և ընդհանուր հաշվով՝ 200 դոլար կորցնել:
Դերասանը նշել է, որ հաճույքով կխաղար նաև մարտական կատակերգություններում: «Ես կցանկանամ դա աստիճանաբար անել՝ սկզբում կոմիկական դեր, հետո՝ տրագիկոմիկական, ապա՝ դրամատիկական, հետո նորից՝ կոմիկական, հետո ուրիշ ժանր և այդպես ընդլայնել»,- պատմել է նա:
Հիշեցնենք, որ «Билет на VEGAS» ֆիլմի ռեժիսորը ամերիկաբնակ հայ Գոռ Կիրակոսյանն է: Ֆիլմի սյուժեն պատմում է երիտասարդ զույգ Մաքսի եւ Լիզայի մասին, ովքեր նոր են ավարտել համալսարանը եւ սկսել են միասին ապրել, սակայն առաջին իսկ օրը նրանք վիճում են: Նրանց այլեւս ոչինչ չի միավորում, բացի միասին գնված վիճակախաղի տոմսից: Մինչ զույգը ընկերներին բողոքում է միմյանցից` հեռուստացույցով հայտարարում են հաղթող տոմսի համարը, որը համապատասխանում է իրենց տոմսի համարին: Գլխավոր հերոսները հրավիրվում են իրենց շահումը`5 մլն ԱՄՆ դոլարը ստանալու հանդիսավոր արարողությանը, որը պետք է տեղի ունենա Լաս Վեգասում: