▲ Դեպի վեր

Շաբաթ, 22.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ու այսպիսի պաշտոնյաներն իրենց աթոռներին են, դեռ խոսում ու սպառնում են»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆԳ նախարարն այսօր ԱԺ-ում խուսափեց հստակ գնահատական հնչեցնել վերջին օրերին հանրային մեծ աժիոտաժ առաջացրած մի դեպքի, որը վերաբերում էր արցախյան 2 պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին ու, մասնավորապես, նրա հայտարարությանը` ոստիկանության Վանաձորի բաժնում իր նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումներին և արժանապատվությունը նսեմացնող այլ գործողություններին:

Ավելին, ՆԳ նախարարը սպառնաց, որ եթե այդ հայտարարությունը չհաստատվի, ապա սուտ մատնության հարցով մեղադրանքի հարց առաջ կգա:
Սա ասում է մի պաշտոնյա, ում օրոք, քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվող անձին ճանապարհին «անհայտ» անձինք խոշտանգել են:
Խոսքը Սամվել Վարդանյանի մասին է, որին ՁՊՎ տեղափոխելիս հարձակման էին ենթարկել:
Ուղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնեցրել էին մեքենան, հեռացել՝ իբր բնական կարիքները հոգալու, իսկ այդ ընթացքում, մի խումբ անձինք, կազմակերպված ոհմակային հարձակում և այլանդակ գործողություններ էին իրականացրել:
Այս ամենի մասին խոսում է մի պաշտոնյա, ում կառույցի ներկայացուցիչները, օրը ցերեկով, տեսախցիկների առաջ հայհոյելով բռնության էին ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:
Ու այս հրեշավոր գործողությունները, որոնք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են, այդպես էլ իրավական արձագանքի չարժանացան և որևէ մեկը պատժի չենթարկվեց:
Ու այսպիսի պաշտոնյաները իրենց աթոռներին են, դեռ խոսում ու սպառնում են»:

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոշտանգումների վերաբերյալ լրագրողների հարցերին տիկին ՆԳՆ նախարարի պատասխանները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ կանաչ լույս նոր խոշտանգումների համար։ Նրան լսողի մոտ չի առաջանում տպավորություն, որ տիկին նախարարն ունի այդ քստմնելի պրակտիկայի դեմ պայքարելու մտադրություն։
Ոչ մեծ փորձ ու ոչ մեծ իմաստնություն ունեցող տիկին նախարարը չի էլ հասկանում, թե ինչ մեծ սխալ է գործում։ Չի գիտակցում, որ փոս փորողն ի վերջո իր փորած փոսն է ընկնելու։ Իսկ «որ չափով չափես, նույն չափով էլ կչափվես» սկզբունքը բացառություններ չունի։ Եվ հաստատ երբ օրը գա, այսօրվա ճեպազրույցն իրեն հիշեցնելու են։
ՀԳ. Զուտ խղճիս հանգստության համար հավելեմ, որ եթե ինչ-որ հրաշքով ես սխալված լինեմ նախարարի մտադրությունների հարցում կամ էլ եթե նա վերանայի իր մոտեցումները, ապա ուրախ կլինեմ այդ մասին տեղեկանալ՝ հրապարակավ կամ ոչ հրապարակավ»։

***

«Արփինե Սարգսյանն ունի կանխակալ մոտեցում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ այսօր հայտնած դիրքորոշմանը՝ Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման դեպքի առնչությամբ։

«Զարմանում եմ՝ ինչու նախարարը չի անդրադառնում, օրինակ, առկա բժշկական փաստաթղթերին, այլ անդրադառնում է փորձագիտական եզրակացություններին։ Չի անդրադառնում, որովհետև քննարկվում է ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում իրականացնելու հանգամանքը։ Օբյեկտիվության և արդարության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ նախարարն այդպիսի գնահատական չտար։ Փորձագիտական եզրակացությունն ակնհայտորեն հակասում է բժշկական փաստաթղթերում տեղ գտած տեղեկություններին՝ համաձայն որի, Տիգրանի մարմնի վրա առկա են եղել սալջարդներ, կապտուկներ, և վնասվածքների հիման վրա է վարույթ նախաձեռնվել այս գործով,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ծեծողները պրոֆեսիոնալ խոշտանգող են՝ ի դեմս ոստիկանների․ նրանք թքել են արցախցի Տիգրանի վրա, մազերը քաշել, հայհոյել նրա ծնողներին։

Դիտեք նաև՝

Եթե 8 հոգով ինտենսիվ ծեծել են Տիգրան Ուլուբաբյանին, թե՛ հիվանդանոցը, թե՛ դատաբժիշկը պետք է տային ավելի բարդ նկարագրություն, քան ֆիքսված է»,- Աժ-ում ի պատասխան արցախցի Տիգրան Ուլուբաբյանի` ոստիկանների կողմից խոշտանգման դեպքի մասին հարցին, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ «Եթե պարզվի, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանների նկատմամբ, ապա վրա կհասնի պատասխանատվություն` սուտ մատնության համար»,- շարունակեց նախարարը՝ նշելով որ Հայաստանում լինի ՀՀ քաղաքացի, թե ԼՂ բռնի տեղահանված անձ, եթե կա իրավունքների խախտման փաստ՝ մոտեցման տեսանկյունից չկա տարբերություն։ Նա կոչ արեց միակողմանի չքննարկել այս հարցը։
Նախարարը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ո՛չ հաստատում է եղածը, ոչ էլ՝ հերքում։ «Կոնկրետ գնահատականներ կտրվեն հաստատվելու կամ հերքվելու պարագայում։ Պետք է քննություն լինի»,- ասաց նախարարը։
«Քննչական կոմիտեն պետք է կրկին հարցաքննի ոստիկաններին, տուժողին, առերեսում իրականացվի, բոլոր դատավարական գործողությունները տեղի ունենան։ Առանց դատավարական գործողությունների գնահատական տալ չի ստացվի, դա կլինի միակողմանի։ Ես ՆԳ նախարար եմ և կարիք ունեմ գործը օբյեկտիվորեն հասկանալու, որը մի կողմից կպաշտպանի մեր քաղաքացուն, եթե ոստիկանի կողմից եղել է ներգործություն, մյուս կողմից էլ, եթե չկա ներգործություն, այլ կա զրպարտանք՝ պաշտպանել ոստիկանության այն ծառայողին, որը նման քայլ չի կատարել։ Նորից եմ ասում՝ այդ դեպքի մասով այս պահին չեմ կարող գնահատականներ տալ»,- նշեց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին