▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունենք փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ռեալ հնարավորություն. Փաշինյանը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարին

Հայաստանում է  Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին եւ նրա գլխավորած պատվիրակությունը:

Նրանց ընդունելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցը մեր երկիր և նշել, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար կարևոր՝ ժողովրդավարական փոփոխությունների շրջանում: «Նախորդ տարի տոնում էինք հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնութագրել որպես արդյունավետ և դինամիկ զարգացող: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ ունենք ռեալ հնարավորություններ՝ երկկողմ գործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու և հատկապես տնտեսական կապերը խթանելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ճապոնիայի ԱԳ նախարարը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, որ երկու երկրների փոխգործակցությունը զարգացման և խորացման մեծ ներուժ ունի տարբեր ոլորտներում: «Ինձ համար պատիվ է այցելել Հայաստան: Այսօր եղել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և տպավորված եմ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի կրթական մոդելով: «Թումո»-ն այն տեղերից է, որտեղ ևս կարող ենք միասին աշխատել: Պատրաստ ենք քննարկել տնտեսության բնագավառում մեր համագործակցության խորացման հեռանկարները», - նշել է նա: 

 
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ձևավորված նոր քաղաքական ու տնտեսական իրավիճակին և իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային և բիզնես միջավայրի բարելավման ուղղություններով: Ճապոնիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում կատարվող ժողովրդավարական փոփոխությունները և պատրաստակամություն հայտնել աջակցել կառավարությանն այդ գործընթացում:
Տնտեսական կապերի զարգացման համատեքստում զրուցակիցները կարևորել են այս տարի «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, նորարարությունների ոլորտներում գործակցության զարգացումը: Ճապոնիայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ վարչապետի առաջարկը և պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղությամբ քայլերը: Երկուստեք ընդգծվել է Հայաստանում և Ճապոնիայում երկու երկրների մշակույթի օրերի անցկացման անհրաժեշտությունը, կարևորվել է միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը: Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ձևավորել համատեղ օրակարգ և ակտիվ աշխատել այն կյանքի կոչելու համար: 
Վարչապետը կարևորել է նաև հումանիտար ու գործարար կապերի սերտացումը և այս նպատակով ՀՀ կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար մուտքի արտոնյալ ռեժիմի սահմանումը, որի շրջանակում նրանք կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Հայաստան: 
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցերի շուրջ: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

 

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ անցյալ տարի նշվեց Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ առիթ է ամփոփելու քառորդդարյա համագործակցությունն ու նախանշելու երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության խորացման ուղղություններն ու հեռանկարները:

 Կողմերն անդրադարձել են նաեւ այն ոլորտներին, որոնք ունեն փոխշահավետ համագործակցության ակտիվացման մեծ ներուժ եւ կարող են հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը: Նրանք մասնավորապես կարեւորել են գործակցությունը բանկային համակարգում, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, մշակութային փոխանակումների, գիտական եւ կրթական ոլորտներում ծրագրերի իրականացումը:

Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում Ճապոնիայի ԱԳ նախարարը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։


Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից առաջ  մեր երկիր պաշտոնական այցի շրջանակներում Ճապոնիայի ԱԳ նախարարը և նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են  Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին