▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ. Արա Վարդանյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Արա Վարդանյանը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Վերջինս այսօր տարածել է իր հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի´ հայրենակիցներ,

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը և բարի համբավը վեր է ամեն ինչից, որևէ անհատի վարքից ու նախասիրություններից: Ես այս գիտակցումով եմ 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը:

Երեկ ես ներկայացրել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում` քաջ գիտակցելով, որ իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը, ինչն անձամբ ինձ համար անթույլատրելի է: Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը:

Սիրելի ժողովուրդ,

ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից:

Հիմնադրամի բոլոր հանգանակություններն ունեցե´լ են և ունե´ն իրենց հասցեագրված նշանակությունը, այն է` մեր հայրենիքի շենացումը, Արցախում և Հայաստանում դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների, տների, մշակութային օջախների կառուցումն ու վերակառուցումը:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին սերտ համագործակցության, իսկ բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հայրենիքի շենացման գործում գործուն մասնակցություն ունենալու համար:

Հարգանքով՝ Արա Վարդանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին