▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է աչք դրել Մարզահամերգայինի վրա. «Ժողովուրդ»

Արդեն տասը օր է, ինչ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ներկայացված է աճուրդի, սակայն մինչ օրս դեռ գնային առաջարկ չկա: Իսկ ահա աճուրդը կավարտվի այսօր` մայիսի 29-ին: Գնային առաջարկ չլինելու դեպքում համալիրը կրկին անգամ կներկայացվի աճուրդի:

 

Տեղեկացնենք, որ մեկնարկային գինը սահմանվել է 19 մլրդ 350 մլն դրամ (մոտ 46 մլն ԱՄՆ դոլար): Ըստ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքէջի՝ համալիրը գրավի առարկա է: Հիշեցնենք, որ փորձագետի եզրակացությամբ նշված գույքը գնահատվել էր 25 մլրդ 800 մլն դրամ: Սրան զուգահեռ նշենք, որԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ղեկավարությունը պնդում է, որ ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ապօրինի կերպով է աճուրդի հանել Մարզահամերգային համալիրը: Ընկերությունը մոտ 10 միլիարդ 200 միլիոն դրամ է պարտք ՀՀ կառավարությանը: Գործը մտել է դատարան, որը կառավարության պահանջով փակ է եղել եւ  առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ընկերությանը պատկանող Մարզահամերգային համալիրի վաճառքի միջոցով մարել նշված պարտքը: Սակայն ընկերությունն իր հերթին է դիմել դատարան՝ համալիրը գրավից հանելու եւ համալիրի նկատմամբ դատարանի սահմանած արգելանքը վերացնելու հայցով, եւ դատական այս գործընթացը դեռ չավարտված ` ԴԱՀԿ-ը համալիրը ներկայացրել է աճուրդի:

Հիշեցնենք, որ 2005 թ. համալիրը վաճառվել էր ԲԱՄՕ ընկերությանը՝ Մուրադյան եղբայրներին, որոնցից Մուրադ Մուրադյանն Իրաքում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է եւ նաեւ ԲԱՄՕ ընկերության  հիմնադիրը: Այն ժամանակ ՀՀ կառավարության որոշմամբ՝ համալիրը վաճառվեց  5.7 մլն դոլարով, սակայն ԲԱՄՕ-ն պարտավորվեց 7-9 մլն դոլարի ներդրումներ իրականացնել: Այս ամենից հետո՝ որոշ ժամանակ անց, համալիրը գրավ է դրվել Մուրադյան եղբայրների՝ մեկ այլ ընկերության անունով վարկ վերցնելու նպատակով, ինչի արդյունքում համալիրը փաստացի անցել է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության ներքո: Երեք տարվա ընթացքում ԲԱՄՕ-ն Համալիրում պետք է ներդներ 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար: Սակայն ընկերությունը ներդրել է ավելի շատ գումար: 

 

Հեղինակ` ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին