Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Ռազմական դրություն մտցնելու անհաժեշտություն չկա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի այն հարցին՝ արդյո՞ք ռազմական դրություն մտցնելու անհաժեշտություն կա։
«Նախորդ օրը՝ կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նախագիծը գտնվում է իմ սեղանին։ Մենք պարբերաբար գնահատում ենք իրավիճակը եւ նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Քանի այդ որոշումը չենք կայացրել, գտնում ենք, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա ոչ այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որովհետեւ դա շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն։ Կայացվող որոշումների էֆեկտիվությունը պետք է գնահատել՝ մի շարք դրվագներով մեր փորձը հաշվի առնելով»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Լուսինե Բադալյանի հարցին, թե ովքեր են Հայաստանի դաշնակիցները, Փաշինյանը պատասխանեց՝ Ռուսաստանի Դաշնությունը եւ ՀԱՊԿ-ն.
«Որի հիմնադիր փաստաթղթի 4-րդ հոդվածում ասվում է հետեւյալը՝ եթե անդամ-պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ-պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից-պետությունների դեմ։ Մասնակից-պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած մասնակից-պետություններ կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն՝ ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով Հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին»։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երեկվա նիստին ընթացք է տրվել մի գործընթացի, որը պիտի ունենա իր կոնկրետ լուծումները.
«Երեկվա նիստին մեր գործընկերների կողմից հնչել են կոնկրետ գնահատականներ, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Եթե այդ ֆորմատով այդպիսի նախադասություններ հնչում են, այդ նախադասությունները չպիտի մնան անհետեւանք։ Գործարկվել է ընթացակարգ, մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ընթացակարգն իր տրամանաբանական արդյունքին հասնի։ Մենք չենք դիտարկում ռազմական միջամտությունը որպես միակ հնարավոր սցենար, որովհետեւ քաղաքական, դիվանագիտական ազդեցության այլ գործիքներ»։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանը դիմել է ՌԴ-ին՝ բարեկամության, գործընկերության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի հիման վրա, այդ թվում՝ ռազմական աջակցություն ստանալու համար։
«Մենք դիմել ենք նաեւ մեր արեւտմյան գործընկերներին, որոնց աջակցությամբ հարցը մտնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ այնտեղ քննարկելու համար»,- ասաց Փաշինյանը։