Ողբերգական ավտովթարի վայրը․ Լևոն Բարսեղյանը տեսանյութ է ներկայացրել ու գրել է․
Սա շարունակվելու է այնքան, քանի դեռ համակարգային լուծումներ չեն լինի
Հայաստանում տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները շատ բազմազան են ու բազմաբնույթ: Տարեկան 270-420 մարդ ենք կորցնում ճանապարհներին, տասնապատիկ մարմնական վնասվածքով մարդիկ ենք ունենում, նրանց մի մասը հաշմանդամ են դառնում, նյութական վնասն էլ ոչ ոք չի հաշվել:
Լանջիկում եղած վթարի պատճառները հուսանք կբացահայտվեն, բայց այս դեպքի մասին չէ խոսքս: Մի քանի տասնյակ անգամ խոսել եմ այս մասին: Հավատացեք, նման դեպքերը մի քանի հարյուր տեսակի պատճառ են ունենում. վարորդների գերհոգնածությունից սկսած, ավտոյի մի լամպի չաշխատելով վերջացրած, գծանշումների անորակությունից սկսած, վերջացրած վարորդական անկարգությամբ, պետական կարգավորողների ծուլությունից սկսած, մեքենայի ընթացային մասերի անսարքությամբ վերջացրած, մեքենայում հնչող բարձր երաժշտությունից սկսած, վերջացրած ... խնդիրը համակարգային կերպով լուծելու անկարողությամբ: Առանց չափազանցության՝ մոտ 400 պատճառ կա:
Բայց ամեն գլխավորը, ըստ իս, պետական կարգավորողի կամ ոլորտային իշխանության՝ անկարողությունն է խնդիրը ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԼՈՒԾԵԼ: Այդպես է գրեթե բոլոր մնացած ոլորտներում: Կետային, պատահարային եւ «հրշեջ» լուծումներ են անում. մի տեղ մի փորձանք է լինում, վերցնում այդտեղ կարգավորում են՝ արագաչափ են դնում կամ «պառկած միլիցա» են փռում գետնին, նույն է, որ երեխան փոսն ընկնի, վերցնեն այդ փոսի առաջ պատնեշ դնեն, իբր կարգավորվեց, հետո մյուս փոսի առաջ, հետո՝ երրորդ: Տարիներ առաջ Հոռոմի խայտառակ խաչմերուկում բեռնարտարը ելավ գազելի վրա, մեկ տասնյակ մարդ զոհվեց ու վառվեց, երկար գնացին եկան ոստիկանները, բոլոր առաջարկնմերը մերժեցին: Օրինակ՝ առաջարկում էի կամուրջ գցել Հոռոմից Գուսանագյուղ, որի տակով անցնի միջպետական մայրուղին՝ Երեւան Գյումրի՝ Մ-1-ը, այսինքն այդ ճամփեքն ուղիղ չխաչվեն: ՃՈ պետերը առերես զրույցի ժամանակ զարմացած բացականչում էին, թե բա՝ էս ինչ ես ասում, դրա ծախսը գիտե՞ս...: Ասում էի՝ Սեւանի ճամփի վրայի կամուրջների պես պիտի սարքվի, թե բա՝ չէ ...: Վերջը մի առաջարկս բանի տեղ դրեցին՝ խաչմերուկում փարոսիկներ դրեցին: Դրանից էս կողմ մահաբեր վթարներ չեղան այդ հատվածում, ու մոտ 7 տարի անց, հիմա արդեն նոր-նոր այդ խաչմերուկը կարգի են բերում՝ կամուրջ են գցում:
Չեղավ, որ մի անգամ ճանապարհային կարգավորման լիազորություն ունեցողները հանդիպեն վարորդների հետ ու հանգամանորեն զրուցեն, հարցուփորձ անեն, թե որտեղ ինչ կարգավորեն այդ մարզում կամ համայնքում, որպեսզի վթարների թիվը պակասի: Չէ, իրենք ամեն ինչ ամենքից լավ գիտեն իբր... ՈՒ էս օրին ենք: Այլեւս անհնար է այսպես քննադատելով հարց լուծել տալ, չեն հասկանում, որ ռազմավարական՝ համակարգային լուծումներ են պետք այս եւ այլ ոլորտներում, ոչ թե առիթային կամ կետային: Գուցե միջները հասկացողներ կան, բայց տրամադրություն չեն ստեղծում, որակ չեն ստեղծում, քաղաքականություն չկա խնդիրը արմատապես լուծելու:
Լուծումները պիտի ՀԱՄԱԼԻՐ լինեն. լիքը տվյալ կա, պիտիի մի բերվեն, քարչտեզագրվեն, կարիքները գնահատվեն, հայեցակարգ, ռազմավարություն, ճանապարհային քարտեզ մշակվի, ու հետեւողական աշխատանք լինի: Այդ ամենը հանրային մասնակցությամբ պիտի արվի, պիտի մասնակցեն շահառուները՝ վարորդները եւ ուղեւորները, մասնագիտացած կազմակերպությունները եւ անկախ փորձագետները պիտի ներգրավվեն որպեսզի համակարգային լուծում լինի, այլապես սա շարունակ կրկնվելու է: Վերջապես պատգամավորները այստեղ այնտեղ գծանշում հուշելու կամ լուսակիր դնել տալու համար չեն, պատգամավորները պիտի ԱԺ հրավիրեն ՆԳՆ/ՃՈ պաշտոնյաներին եւ շատ կոշտ հանձնարարեն հետեւյալը.-գնալ եւ 3 ամսից գալ հայեցակարգով, ապա ռազմավարություն, որով նախատեսվի, որ ՃՏՊ-ներում զոհերի եւ վիրավորների թիվը 3 տարուց կրճատվելու է 30 տոկոսով, 5 տարուց 50 տոկոսով, 10 տարուց 70 տոկոսով:
-Ինչքա՞ն փող է պետք, ահա ստացաք, ինչքան մարդ ու փորձագետ է պետք ստեղից ու Շվեդիայից ու Շվեյցարիայից (ամենանվազ ՃՏՊ-մահացությամբ երկրները), բերեք, խորհրդակցեք, ելաք, գնացիք աշխատելու ու ամսական պարբերականությամբ ԱԺ-ին զեկուցելու: Չեք կարող՝ գնացեք տուն: Թե չէ վթարներից հետո զոհվածներին ու վիրավորներին հավաքելն այնքան էլ բարդ գործ չէ:
Ցավակցում եմ զոհվածների հարազատներին: