▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբում ենք մեր հերոսների նահատակության վիշտը՝ միեւնույն ժամանակ հպարտություն ապրելով նրանց սխրանքների համար

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստի ու հիշատակի արարողությունը, որին մասնակցել են նաեւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու այլք: Հիշեցնենք, այսօր հայկական բոլոր եկեղեցիներում է կատարվել Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն: Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հանդես է եկել ոգեկոչման ու հիշատակի խոսքով՝ նշելով. «Մեր հերոսներն իրենց կյանքի գնով պայքարեցին անհավասար ուժերի դեմ՝ ի գին իրենց կյանքի: Այրիացած տիկնանց, որբացած մանուկների եւ սգակիր ընտանիքների հետ մենք ողբում ենք մեր հերոսների նահատակության վիշտը՝ միեւնույն ժամանակ հպարտություն ապրելով նրանց սխրանքների համար: Նրանք մարտնչեցին արցախահայության ազատ ապրելու իրավունքի համար: Մեր նահատակների լույս հիշատակի առաջ մենք այսօր կոչված ենք եւ պարտք ունենք իրականություն դարձնելու նրանց նվիրական երազանքներն ու իղձերը: Դարերի ընթացքում մեր ժողովուրդը բազում անգամներ մահվան հովիտների միջով է անցել, տեսել է ավեր, կոտորածներ, ցեղասպանություն, սակայն բոլոր ժամանակներում կարողացել ենք ապրել՝ հավատալով Հիսուս Քրիստոսին եւ նրա ուժին: Աստծուն ապավինած, մեր ցավն ու վիշտը մենք վերածել ենք ուժի ու զորության, անգամ Ցեղասպանությունից հետո, երբ նահատակվեցին մեր 1,5 միլիոն զավակներ եւ կորցրեցինք մեր հայրենիքի մեծ մասը եւ տարագիր բազում մեր զավակներ սփռվեցին աշխարհով մեկ, մենք կարողացանք այս փոքրիկ հողում վերագտնել մեր հայրենիքը, սփյուռքում գաղթօջախներ ստեղծել եւ դրանք ծաղկեցնել եկեղեցիներովու հավատով: Այսօր, պատերազմի ցավալի կորուստներով եւ ստեղծված ներքաղաքական բարդ պայմաններով մեր երկիրը հայտնվել է ծանր խնդիրների առջեւ: Այստեղ հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական եւ խմբակային բոլոր շահերը: Յուրաքանչյուրի՝ պետական եւ քաղաքական գործիչների պարտքն է բարձր գիտակցությամբ հանձն առնել ամեն զոհողություն՝ հանուն մեր հայրենիքի կայունության, անվտանգության եւ վառ ու լոււսավոր ապագայի: Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր հայրենակիցների փառքին հանդիման պետք է պահպանենք մեր հայրենիքը, հեռու մնանք ատելություն սերմանող խոսքերից ու գործերից եւ զերծ պահենք մեր հայրենիքը նոր ցնցումներից, հանդուրժողականության ոգով լծվենք արցախահայության նոր կյանքի կերտմանը: Աղոթենք զոհված մեր հերոս որդիների հոգիների հանգստության համար»:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին