▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահպանի՛ր ֆիզիկական կյանքդ, պատրաստվի՛ր ավելի բարձր զոհաբերության:

Այս հոգին: Հայ հոգին: Հայկական Բարձրավանդակի արծիվներից սերած: Նա երազանք ունի՝ ճախրել մայր բարձրավանդակի լեռների ու դաշտերի վրա: Ազատ Հայրենիքի սրբազան լանդշաֆթի համար: Պապանձվե՜ք, չարակամնե՜ր – նրա ձգտման մեջ տեսե՜ք հայ հոգու իղձը…

Եվ հոգին որոշել է – եթե չթողնեն ճախրեմ՝ մարմինս կթողնեմ այստեղ, և թևերս կազատվեն թռիչքի համար: Եվ այդպես բոլորին կասեմ՝ ահա թե ինչպե՛ս են ճախրում հայ արծիվները: Եվ իմ ազատագրումով՝ ես կազատագրեմ բոլոր բանտվածներին: 

Հոգին որոշել է գնալ զոհաբերության: Հայ հոգի, դա քո ինքնիշխան իրավունքն է, ո՞վ կարող է քեզ ետ պահել: Մարդիկ չեն կարող, ընտանիքդ չի կարող, բայց կա մի ուժ, մի ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ: Այնպիսի ճշմարտություն, որ կարող է քեզ սթափեցնել, որ շարունակես քո ներկա առաջնորդությունը:
Կա այդպիսի սթափեցնող ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ: Եվ դա այն է, որ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԶՈՀԱԲԵՐՈՒՄԸ ԱՅԼԵՎՍ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ ՉԷ, այն չի կարող հասցնել ազատագրության: Կա զոհաբերության ավելի բարձր, անպարագիծ, արարչական, մարդկային մի ձև՝ հրաժարվել սեփական ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆՏԻՑ, ՍՊԱՌՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ: Նոր մարդ դառնալ: Նույնիսկ դու, զոհաբերական հոգի, այդպիսի նորացման կարիք ունես: 

Արդ՝ լսիր: Քո նախագահությունը մեզ կազատի հանցանքից ու խավարից – ուրեմն, պիտի նախագահես: Բայց այն լրիվ չի լուսավորի մեր կյանքը: Ջատագովում ես արևմտյան ժողովրդավարությունը – այն մեզ համար քայլ է առաջ, բայց ընդամենը՝ քայլ… ՆԵՐԿԱ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ սպառված է: Ներկա ժողովրդավարական ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ սպառված է: Կարո՞ղ ես զոհաբերել կյանքիդ հավատամքը: Ահա թե քեզանից ի՜նչ զոհաբերություն է պահանջելու կյանքը…

Պահպանի՛ր ֆիզիկական կյանքդ: Պատրաստվի՛ր ավելի բարձր զոհաբերության: Առաջնորդիր զանգվածը – առանց քեզ անհնար կլինի, և հասիր նախագահության: Եվ պատրաստ եղիր - նախագահությանդ առաջին իսկ օրը քեզ կասեն, որ քո բերած արժեհամակարգը պատկանում է հին աշխարհակարգին և սպառված է: Եվ դու պիտի ճանապարհ բացես ավելի ԲԱՐՁՐ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԱՌՋԵՎ: Վստահ եմ, որ արի՜ ես, հա՜յ ես, արծի՜վ ես – ուրեմն, չես ընկրկի:

Պահպանիր ֆիզիկական կյանքդ: Պատրաստվի՛ր ավելի բարձր զոհաբերության:

Լևոն Դռնոյան

12 մարտի 2013թ.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին