ASEKOSE.am-ի տեղեկություններով Մարտունիի Վերին Գետաշեն գյուղից սպանված զինվորի դիակը Երևան բերող մեքենայի ճանապարհը փորձում են փակել: Նրանք արդեն Սևանի ճանապարհին են: Մեր տեղեկություններով` այս պահին բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները: Նրանց միջև ծեծկռտուք է սկսվել:
Հիշեցնենք, որ Մայիսի 15-ին Նոյեմբերյանում տեղակայված ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը պետք է այսօր: Սակայն, զոհված զինծառայողի ծնողները և համագյուղացիները Զինվորի դին բերում են Երևան` Կառավարության շենքի դիմաց` որպես բողոքի նշան:
Դեպքի առնչությամբ` ֆեյսբուքյան օգտատերերից մեկը կարծիք է հայտնել, որ բացատրություն են պահանջում ոչ թե սպանողից, ոչ թե նրա տան դիմաց են տանում դին, այլ ՀՀ Կառավարության, ինչը խոսում է դեպքերի հերթական ոչ ադեկվատ արձագանքի մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է: