«Միշտ խոստացել եմ, որ խոսելու եմ ճշմարտության մասին, չեմ փորձելու իրականությունը շեղել: Երբ մարզեր այցելելիս ավտոմեքենայի պատուհանից նայում եմ, ցավ եմ ապրում, որովհետև այսօր մեր հայրենիքն աղբի մեջ կորած է: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այսօր ամենամեծ խնդիրն աղբի վերամշակման գործարան ստեղծելն է: Այսօր Հայաստանում, եթե քաղաքացին առնվազն իր միջավայրը մաքուր չպահի, մեր երկրում լուրջ բաներ չեն փոխվի»,- այսօր Մարտունիում ասել է Նիկոլ Փաշինյանը` մատնացույց անելով Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մոտ առկա աղբով լի տեսարանը:
Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել նման իրավիճակը: «Ինչո՞ւ երկրում չէր լինում հեղափոխություն, որովհետև վախենում էինք ինչ-որ բանից, պարտվելուց, հետապնդումների ենթարկվելուց, բայց երբ հաղթեցինք` դադարեցինք վախենալ: Այսինքն, մեր ընկալումը փոխվեց: Բայց իշխանության փոփոխությունը բավարար չէ, դեռ շատ բաներ կան փոխելու: Թափված աղբն անարգանք է բոլորիս նկատմամբ: Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, բայց մենք մաքրեցինք քաղաքական աղբը և պետք է մաքրենք ֆիզիկական, մտավոր, բարոյական, հուսահատության աղբը:
Մենք որևէ աղբի գոյությունը չենք հանդուրժելու, որովհետև մի ժողովուրդ ենք, ով Սիմոն Մարտիրոսյանի, Յուրի Վարդանյանի, Մոնթե Մելքոնյանի նման հերոսներ ունի»,-,մասնավորապես, ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մարտունիից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Նորատուս համայնք՝ այն վայրը, որտեղ մեծաքանակ աղբ էր թափված: Համայնքի ղեկավարը զեկուցել է, որ աղբով լի տարածքը պատկանում է մասնավորին, ինչի կապակցությամբ վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է, թե ինչու մինչ այժմ նրա նկատմամբ վարչական տույժ չի կիրառվել: «Պետք է վարչապե՞տն անցներ այս տարածքով, որ այն մաքրվեր: Ձեր միջավայրին խիստ ուշադրություն դարձրեք: Դուք պարտավորություն ունեք մաքուր պահելու ձեր միջավայրը: Խնդիրը տույժի մեջ չէ, այլ ձեր մաքուր միջավայրի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` դիմելով համայնքի պատասխանատուներին և տարածքի սեփականատերերին: Վերջիններս խոստացել են, որ այսուհետև մեծ ուշադրություն կդարձնեն այս խնդրին, ու նման բան այլևս չի կրկնվի:
Գեղարքունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի ունեցած այլ հանդիպումների մասին՝ ստորև՝ տեսանյութերով
Կարդացեք նաև՝
Դեմները բացեք էդ մարդկանց ... Նիկոլ Փաշինյանն՝ իր թիկնապահներին