▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի «հանճարեղ» քաղաքականության աղետաբեր հետևանքները․ Սուրեն Սուրենյանց

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում, ասել է Լավրովը:

Այս մասին գրում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«ՌԴ արտգործնախարարը նշել է` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, և որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ վերահսկողությունն իրականացնելու են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։

Բացարձակապես կարևոր չէ՝ ինչպես ենք վերաբերում Լավրովին, Ռուսաստանին՝ առհասարակ, այս դեպքում նախարարը միանգամայն ճիշտ է:

Բայց այս «ճշմարտությունը» շատ ցավեցնող է, որովհետև բացահայտում է Փաշինյանի ու նրա թիմի քաղաքականության ձախողումը:

2022-ի գարնանից՝ Փաշինյանը մի «ստրատեգիական» պատրանքային հաշվարկ է արել, թե իբրև Հայաստանն ու Ադրբեջանն ուկրաինական պատերազմում «պարտվող» Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ընդհանուր շահ ունեն ու այդ հիմքով էլ պետք է տեղի ունենա հայ- ադրբեջանական հաշտեցումը:

Եվ ահա, «ռուսական կայսերական» ազդեցությունից ազատվելու համար՝ Փաշինյանը հրաժարվեց «հասանելի խաղաղության» պլանից(Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն), զոհաբերեց Արցախը և չստացավ ոչինչ:

Պարզվեց՝ «Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու» ընդհանուր շահ չունեն, նման տեսլական եղել է բացառապես Փաշինյանի գլխում և պատկերացումներում: Նայեք, թե ինչ վերաբերմունք ունի Ալիևը արևմտյան հարթակների նկատմամբ՝ լրացուցիչ արգումենտի անհրաժեշտություն չեք ունենա:

Հիմա ի՞նչ ունենք:

Ողբերգական մի իրավիճակ:

Ըստ Լավրովի, հենց Հայաստանը դժվարություններ ունի իրագործելու երթուղիների բացումն այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ։ Ըստ նրա, Հայաստանն անվտանգության նոր պահանջներ է դնում, և չեն ցանկանում ռուս սահմանապահների ներկայություն, թեև այդ մասին գրված է Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության մեջ. «Ուզում են միայն իրենք լինեն։ Իսկ դա հակասում է պայմանավորվածություններին»։

Միայն Փաշինյանի նման «հանճարը» կարող էր «հասնել» նրան, որ.

● Արցախը զոհաբերվի, բայց Հայաստանը չստանա որևէ անվտանգային երաշխիք,

● Ադրբեջանը և Ռուսաստանը չկատարեն Եռակողմ հայտարարությամբ սահմանված իրենց պարտավորությունները, բայց ստեղծեն մի իրավիճակ, որ Հայաստանը չկարողանա հրաժարվել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումները կատարելուց, ավելին՝ չկարողանա դուրս գալ այդ հայտարարությունից, որովհետև դա օբյեկտիվորեն համարվելու է casus belli:

Ու մի խնդրանք՝ այս ստատուսի տակ հեքիաթներ չպատմեք այն մասին, թե ինչ անի «խեղճ» Փաշինյանը, եթե ռուսներն ու ադրբեջանցիները խախտել են եռակողմ հայտարարությունը: Փաշինյանն ինքն էլ գիտակցաբար գնացել է Եռակողմ հայտարարությամբ հաստատված ստատուս-քվոյի վերացմանը, որովհետև կարծել է, թե ՝ «Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ընդհանուր շահ ունեն»:

Միայն թե՝ այդ կարծիքը ոչ թե փաստերի, այլ փաշինյանական երևակայության ծնունդ է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին