▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնական Երևանը հերքում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբխազիայի փոխնախագահի հետ

azatutyun.am-ը գրում է. Պաշտոնական Երևանը կտրականապես հերքում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբխազիայի իշխանության ներկայացուցիչների հետ: Համապատասխան հայտարարություն այսօր արել է Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն՝ տեղի ունեցածը «հերթական շահարկում» որակելով, այս մասին հայտնում է «Эхо Кавказа» պարբերականը:

«Հայկական կողմի պարզաբանմամբ, օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ ոչ մի հանդիպում տեղի չի ունեցել: Սա հերթական քաղաքական շահարկումն է, որին հաճախ դիմում են օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները», - լրագրողներին ասել է Գիգիաձեն: Նա նշել է, որ դժվարանում է մեկնաբանել այն լուսանկարը, որտեղ պատկերված են Սերժ Սարգսյանը և Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության փոխնախագահ Վիտալի Գաբնիյան:

«Հնարավոր է, որ պատկերված է եղել որոշակի իրավիճակ կամ մարդկանց մի խմբի իրավիճակային լուսանկար, ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետև ես տեղեկատվություն չունեմ: Պաշտոնապես ես կարող եմ հաստատել, որ կա հայկական կողմի միանշանակ պաշտոնական հայտարարությունը այն մասին, որ ոչ մի հանդիպում չի եղել», - ասաց Վրաստանի արտգործնախարարի տեղակալը:

Սարգսյանի ու Գաբնիայի համատեղ լուսանկարն այսօր Facebook սոցկայքում տարածել է Աբխազիայի փոխարտգործնախարար Կան Տանիյան՝ նշելով, որ լուսանկարն արվել է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական ԶԼՄ-ներում շրջանառվում էին տեղեկություններ, որ Լեռնային Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ ԼՂ ղեկավար Բակո Սահակյանի կողմից այսօր տրված ճաշկերույթին ներկա են եղել ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ չճանաչված կամ մասնակի ճանաչված երեք կազմավորումների՝ Աբխազիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից), Հարավային Օսիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից) և Մերձդնեստրի «պաշտոնական» պատվիրակությունների ղեկավարները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ Աբխազիայի փոխարտգործնախարարի ֆեյսբուքյան էջից

 

 

 

 

 

 

 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին