Վերջին օրերին ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցող արյունալի իրադարձությունների վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը ծայր առած բախումները նոր թափով վերսկսվեցին երեկ առավոտյան և շարունակվեցին ամբողջ օրը:
Ցուցարարները նոր բարիկադներ կառուցեցին և շարունակեցին պայքարը: Զոհերի մարմինները երկար ժամանակ մնացին Մայդանում: Ցուցարարները վստահ էին, որ շրջակա շենքերի տանիքներից դիպուկահարներ են աշխատում: Ապա նաև այդ ամենը փաստող տեսանյութ հայտնվեց համացանցում:
Զոհերի և վիրավորների մասին տվյալները հիմնականում միմյանց հակասող են:
Ուկրաինայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին օրերին զոհվել է 77, վիրավորվել 577 մարդ:
Մինչդեռ միջազգային լրատվամիջոցներն այլ փաստեր են ներկայացնում: CNN-ի տվյաներով՝ զոհվածների թիվը հասնում է 100-ի: Մի շարք այլ լրատվամիջոցներ հաղորդում են 100-ից ավելի զոհերի մասին:
Հիշեցնենք, որ երեկ Կիևի բախումների արդունքում զոհվել է երկրորդ հայը: