▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնյայի ընտանիքի անդամի հաշվեհամար է հայտնաբերվել, որտեղ 28 մլն դոլար կար․ Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե իրեն չի՞ անհանգստացնում տարբեր պաշտոնյաների հեռաալը համակարգից՝ հայտարարեց, որ շատ դեպքերում իրեն դա չի անհանգստացնում.

«Իսկ ո՞վ է ասում, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մարդիկ հեռանում են պաշտոնից, ես չեմ դա ուզում»:

/filemanager/uploads/Nikol_asulis.jpg

Լրագրողն իր հարցի մեջ մասնավորապես նշել էր վերջերս պաշտոններից ազատված Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանի, ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի անունները․

«Իսկ ո՞վ է ասում, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մարդիկ հեռանում են, դա մենք, կամ ես չեմ ուզում, որ նրանք հեռանան։ Իրականում ես էդպիսի սովորություն ունեմ, այդ սովորությունը գուցե երբեմն օգտագործվում է իմ դեմ: Ես, որպես կանոն, փորձում եմ այնպես անել, որ մարդկանց հեռացումը, աշխատանքից ազատումը լինի հնարավորինս արժանապատիվ այդ մարդու համար։ Առնվազն մի քանի դեպք է եղել, երբ որ դա փորձ է արվել օգտագործել, որ մենք այ սենց դեմարշ ենք արել եւ այլն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր այն դեպքերում, երբ կա անհանգստանալու կարիք, իրենց գործընկերներին ըստ անհրաժեշտության կհրավիրեն, կփորձեն լսել։

Ապա նաեւ ընդգծեց՝ դեպքերի մեծ մասում ինքը հակառակը՝ ուրախ է լինում նման զարգացման համար։

ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում բյուջե են վերականգնել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 միլիոն դոլար: Լրագրողներից մեկն այսօր հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետն այդ թիվն է հրապարակվում, սակայն 2018 եւ 2019 թվականների գլխավոր դատախազության տարեկան հաղորդումների համադրումից ստացվում է, որ հանցագործությունների գծով վերականգնված գումարը մոտ 40 միլիարդ է, իսկ կոռուպցիոն հանցագործություններով վերականգնվածը՝ 5 միլիարդ:

Բացի այդ, ԱԱԾ-ն հայտարարել է, որ միայն այդ մարմինը կոռուպցիոն հանցագործություններով երկու տարվա ընթացքում վերականգնել է մոտ 26 միլիարդ դրամ: Պատասխանելով կարցին՝ վարչապետն ասաց, որ այդ անհամապատասխանությունն ունի շատ կոնկրետ բացատրություն:

«Այո, պաշտոնական թվերով խոսքը 40 միլիարդի մասին է, որը 105 միլիոն դոլար չէ, այլ ավելի պակաս է, բայց իրականում վերականգնվել է ավելի քան 105 միլիոն դոլար»,- տեղեկացրեց Փաշինյանը՝ մանրամասնելով, որ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար է հայտնաբերվել, որտեղ 28 միլիոն դոլար գումար կար: Փաշինյանն ասաց, որ ընթացակարգերի եւ այլ հանգամանքների բերումով այդ 28 միլիոն դոլարը, իր հիշելով նվիրաբերվել է Արցախի Հանրապետությանը:

«Այդ գումարն օգտագործվեց ռազմական, պաշտպանական, անվտանգային կարիքների համար: Այդ հատվածը չի վերականգնվել ընթացակարգերով, այլ պետությանն է վերադարձվել, Արցախի Հանրապետությանն է վերադարձվել այլ ընթացակարգով եւ այդ թվերի անհամապատասխանության միակ պատճառը դա է»,- ասաց վարչապետը:

Այնուհետեւ դիմելով տաղավարում կադրից դուրս գտնվող աշխատակիցներին՝ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդ մասին առաջին անգա՞մ է հրապարակում։ Ստանալով դրական պատասխան՝ վարչապետը հավելեց․

«Փաստորեն սենսացիոն հայտարարությո՞ւն արեցի»։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին