Օրերս ռուսաստանյան լրատվական մի քանի կայքեր տեղեկատվություն էին տեղադրել այն մասին, որ Ադրբեջանի նավթային հիմնադրամը վերջերս 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «ՎՏԲ»-ում: Հարցի վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակիցը փորձեց պարզաբանում ստանալ «ՎՏԲ»-ի հայաստանյան գրասենյակից: Մեր թղթակցի կողմից տրվել են հետևյալ հարցերը.
1.Ռուսաստանյան որոշ լրատվական կայքեր հայտնում են, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը վերջերս 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «ՎՏԲ»-ում:
2.Հավաստի է արդյո՞ք այս տեղեկությունը:
3.Ադրբեջանական կողմից ներդրում կատարելու քայլը կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել կամ անդրադառնալ «ՎՏԲ»-ի հայաստանյան մասնաճյուղերի գործունեության վրա:
Մեր այս հարցադրումներին ի պատասխան ՎՏԲ բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից ստացվել է հետևյալ պատասխանը.
«ՎՏԲ»-ն լիովին բավարարված է նրանով, թե ինչպես է զարգանում «ՎՏԲ»-ն (Հայաստանում): Բանկը վստահորեն պահպանում է շուկայի առաջատարի իր դիրքերը: Այսպես, անցած տարի «ՎՏԲ»-ն ծառայություններ է մատուցել գրեթե 359 հազար ֆիզիկական անձ և ավելի քան 5 հազար` իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների: «ՎՏԲ»-ն ծրագրում է շարունակել իր զարգացումը որպես ունիվերսալ բանկային համակարգ»:
Ըստ էության այս պատասխանով «ՎՏԲ»-ն մեր հարցադրումներից և ոչ մեկին չի պատասխանել: Մեր անպատասխան մնացած հարցերը թույլ են տալիս հռետորական հարցադրում կատարել` Փաստորեն` ադրբեջանական բանկային ներդրու՞մ Հայաստանում: