Հետք․am-ը գրում է․ «2022 թվականից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ամիսներ անց, Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր ռուսական ալմաստի արտահանման համար։ Կտրուկ ավելացել են Ռուսաստանից Հայաստան ներկրվող և այլ երկրներ, մեծ մասամբ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվող մշակված և չմշակված ադամանդի ծավալները։
«Հետք»-ը գործընկեր «Վյորստկա» («Вёрстка») պարբերականի օգնությամբ ձեռք է բերել Ռուսաստանից Հայաստան ալմաստի մատակարարումների ցանկը 2022-2023 թվականներին։ Պարզվում է՝ Հայաստանը ալմաստ է գնում ոչ միայն «Ալռոսա»-ից (ОАО АК АЛРОСА (ALRS)), այլև մասնավոր ընկերություններից, որոնք իրենց հերթին համագործակցում են «Ալռոսա»-ի հետ։ Այստեղ մի ամբողջ շղթա է գործում՝ ռուսական, արաբական և հայկական ընկերությունների մասնակցությամբ, որտեղ Հայաստանից ներգրավված են նաև «Հայ-ալմաստ»-ը, «Էյ.Դի.Էմ.դայմոնդս» (Աբովյանի ADM Diamonds գործարանը), «Վի-Դի-Էյ դայմոնդս» և այլ ընկերություններ:
«Ալռոսա»-ի նկատմամբ կիրառվող պատաժամիջոցները խնդիրներ են առաջացրել հայ վերավաճառողների համար:
Երբ և ինչպես ռուսական ալմաստը հայտնվեց պատժամիջոցների տակ
2024 թվականի հունվարին պաշտոնապես հայտարարվեց, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ալմաստ արդյունահանող «Ալռոսա» ընկերության դեմ։ Դրանով Եվրոպան հրաժարվում է ներմուծել այս ընկերության մատակարարած ալմաստը։ Եվրախորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ «Ալռոսա»-ն աշխարհում ալմաստ արդյունահանող խոշորագույն ընկերություն է։ «Ալռոսա»-ն բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերի 66%-ը պատկանում է պետությանը, 34%-ը՝ ազատ շրջանառության մեջ է։ Բաժնետոմսերը վաճառվում են Մոսկվայի բորսայում։
«Ալռոսա»-ն ապահովում է ռուսական ադամանդի ամբողջ արտադրության ավելի քան 90%-ը և ռուսական տնտեսության համար էական դեր ունի իր գեներացրած եկամուտներով։ Իսկ համաշխարհային շուկայի մասշտաբով «Ալռոսա»-ի տեսակարար կշիռն, ըստ Reuters-ի տվյալների, 30% է։
Արգելքը ներառվել է ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների 12-րդ փաթեթում։
Պատժամիջոցների տակ է հայտնվել ոչ միայն «Ալռոսա»-ն, այլև նրա գլխավոր տնօրեն Պավել Մարինիչևը (Павел Мариничев), որն այդ պաշտոնին է 2023-ի մայիսից։ ԵՄ խորհուրդը համարում է, որ նրանք պատասխանատու են «գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»։
Մեծ յոթնյակի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան և ԱՄՆ-ն, ռուսական ալմաստի դեմ փուլային պատժամիջոցների մասին հայտարարել են դեռևս 2023 թվականի դեկտեմբերին։ Քիչ ավելի ուշ նրանց են միացել նաև Եվրամիությունն ու Շվեյցարիան։
Այն, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսական ալմաստը պատժամիջոցների տակ հայտնվելու մեծ հավանականություն ուներ, հայտնի էր դեռևս 2022-ից սկզբից՝ պատերազմի սկսվելուց շատ չանցած։
ԱՄՆ-ն ևս «Ալռոսա»-ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել ԵՄ պատժամիջոցներից շատ ավելի վաղ՝ 2022 թվականին։
Այսինքն՝ ռուսական ալմաստի նկատմամբ սահմանափակումներն ու վերապահումներն առնվազն երկու տարվա պատմություն ունեն։
Ըստ Reuters-ի՝ 2023 թվականին ռուսական ադամանդների խոշորագույն գնորդը դարձել է Հնդկաստանը։ Զգալի մատակարարումներ են արվել նաև Բելգիա, Հոնկոնգ և Հայաստան։
Թեև Հայաստանից ադամանդ և այլ ապրանքներ վերաարտահանող ընկերությունները պատժամիջոցների տակ չեն հայտնվում և համոզված են, որ ուղիղ կապ չունեն այդ պատժամիջոցների հետ, սակայն ռիսկեր, այնուամենայնիվ, կան։
Ըստ նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանի՝ վտանգ միշտ կա, որը պետք է և՛ Կառավարության, և՛ ֆինանսական համակարգի, և՛ մաքսային ծառայության ուշադրության կենտրոնում լինի։
«Առայժմ հիմքեր չեմ տեսնում, որ Հայաստանը ևս կհայտնվի արևմտյան երկրների պատժամիջոցների տակ, բայց ոչ թե այն պատճառով, որ դրանք անհնար են, այլ դա միանգամից տեղի չի ունենա, եթե անգամ այդպիսի զարգացումներ լինեն»,- նշում է տնտեսագետը։
Նրա խոսքով՝ ի վերջո, ինչպես այլ երկրների մոտ, մեր սպասարկած հոսքերի ավելի մեծ հատված է հայտնվելու ուշադրության կենտրոնում։ Արևմուտքը հետևողականորեն խստացնելու է բոլոր սահմանափակումները։ Պարզապես, այդ ամբողջ գործընթացում մենք առաջնային դերակատարում չունենք։ Եվ այստեղ խնդիրը չի վերաբերում միայն նրան, որ հայերը ավելի խելոք են կամ ավելի զգուշավոր, այլ տնտեսության մասշտաբների հարցն է։
«Հայ-ալմաստ»-ից վստահեցնում են, որ ԵՄ-ի պատժամիջոցներից հետո ալմաստ չեն գնում «Ալռոսա»-ից
Մեր ձեռքի տակ եղած ցանկում երևում է, որ երկու տարում Ռուսաստանից Հայաստան ալմաստի մատակարարումները 2022-2023թթ. մոտ 3.6 մլն կարատ են, ընդհանուր արժեքը կազմել է մոտ 470 մլն ԱՄՆ դոլար։
Հայաստանի Մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել 2023-ի ներմուծման տարեկան տվյալները, սակայն միջազգային UN Comtrade Database-ի՝ Հայաստանի վերաբերյալ հրապարակած տվյալները, որոնք տարեկան են, որոշակիորեն տարբերվում են վերը նշված ցանկի տվյալներից։ Դրանք չէին կարող ճշգրտությամբ համընկնել, քանի որ ռուսական կողմից մատակարարումների ժամկետները և արդեն Հայաստանում ներմուծումների ու մաքսազերծումների ժամկետները տարբեր են։ Բոլոր դեպքերում, ընդհանուր եզրահանգումների տվյալները կարելի է համադրել։
Վերադառնալով մեր ունեցած ցանկին՝ 2023-ին մատակարարված ալմաստի առնվազն կեսի ուղիղ աղբյուրը «Ալռոսա»-ն է։ Ինչու՞ ուղիղ՝ քանի որ, ինչպես կպատմենք նյութի մյուս հատվածներում, հայ գործարարների հետ համագործակցող այլ մասնավոր ռուսական կազմակերպությունների մի մասը «Ալռոսա»-ի գործընկերներն են։
«Ալռոսա»-ն «Հայ-Ալմաստ» պետական ընկերության հիմնական մատակարարն է եղել։
«Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2021 թվականի դեկտեմբերին, Հայաստանի կառավարության որոշմամբ։ Նպատակն ադամանդագործության ոլորտի զարգացումն ու ակտիվացումն է։ «Հայ-Ալմաստ»-ը ոչ թե ինքն է մշակում ալմաստները, այլ օգնում է մյուս ընկերություններին հումք ձեռք բերել արտասահմանից, հումքը ներկրում և վաճառում է մասնավոր ընկերություններին։
Այդ ալմաստների մի մասը մշակվում և բարձր գնով արտահանվում են կրկին Ռուսաստան։ Սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, բարձր գնով ադամանդների քանակը ընդհանուր ցուցանիշում փոքր է։
«Ալռոսա»-ի մատակարարած ալմաստի մի մասի հասցեատերերը մասնավոր կազմակերպություններ են՝ «Էյ.Դի.Էմ. դայմոնդս», «Մուրադ Միրզոյան դայմոնդ», «Արսինի», «Վի-Դի-Էյ դայմոնդս», «Կրիստալիստ ընդ կո», «Նոր տեխնո» ՍՊԸ և այլ ընկերություններ։ Այս ընկերություններն ալմաստ են ներկրել ոչ միայն «Ալռոսա»-ից, այլև ռուսական մյուս մատակարարներից։
Սակայն, հաշվի առնելով փաստը, որ «Հայ-ալմաստ»-ը իր ներկրած ալմաստները վաճառում է տեղական արտադրողներին՝ ստացվում է, որ նշված ընկերությունները և ոչ միայն նրանք, «Հայ-ալմաստ»-ի միջոցով ևս կարող էին ստանալ «Ալռոսա»-ի ալմաստները։
Չնայած, որ ռուսական ալմաստի և «Ալռոսա»-ի դեմ պատժամիջոցների հարցը քննարկվում է 2022-ի ապրիլից, ինչպես նշվեց վերևում, ԵՄ-ի կողմից պաշտոնապես հայտարարվել է այս տարվա սկզբում։
«Հետք»-ի հետ զրույցում «Հայ-ալմաստ»-ի տնօրեն Տիգրան Խաչատրյանը հավաստիացրեց, որ պատժամիջոցներից հետո, այսինքն՝ 2024 թվականի սկզբից, այլևս ադամանդի հումք չեն գնում «Ալռոսա»-ից։
««Հայ-ալմաստ»-ը չի կարող ամբողջ Հայաստանի փոխարեն պատասխանել, բայց «Հայ-ալմաստ»-ը, իհարկե, չի ներկրում։ «Ալռոսա»-ի հետ չենք համագործակցում այս տարվա սկզբից։ Մենք հիմա աշխատանքներ ենք տանում աֆրիկական երկրների հետ»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Նա շեշտում է, որ «Հայ-ալմաստ»-ի լիազորությունների մեջ է մտնում միայն հայ ադամանդագործների համար հումք ներկրելը։
Թե դրանից հետո այդ ալմաստները ինչ ճակատագիր են ունենում՝ դառնում են մշակված ադամանդ, թե չմշակված ադամանդի տեսքով են վերաարտահանվում, «Հայ-ալմաստ»-ը լիազորված չի վերահսկելու։
Հայ-ռուս-արաբական առևտրի շղթան և դրա օղակները ու կապերը «Ալռոսա»-ի հետ
«Вёрстка»-ից ստացված ցանկից առանձնացրել ենք ալմաստի հայկական կողմի այն գնորդներին, որոնք առավել ակտիվ առևտուր են արել, ինչպես նաև՝ մշակված և չմշակված ադամանդ են արտահանում Հայաստանից։ Չի բացառվում, որ բացի ուղիղի ներմուծումներից, այս ընկերությունները նաև «Հայ-ալմաստ»-ից են գնել ալմաստ։ Հետևաբար, կոնկրետ ցուցանիշներ նշել չենք կարող։
Ավելի վաղ պարզել էինք, որ ամենամեծ ծավալի վերաարտահանողը «Էյ.դի.էմ.դայմոնդս» ՍՊԸ-ն է (ADM Diamonds LLC): Պարզվում է նաև, որ ընկերությունը գործընկերային կապեր ունի Ռուսաստանում հաստատված գործարարի և արաբական ընկերության հետ։
Ըստ պետական ռեգիստրի՝ «Էյ.դի.էմ.դայմոնդս»-ի 100%-ի սեփականատերը ներկայում Երևանի բնակիչ Արթուր Մավրիկի Օհանջանյանն է։ Մինչև այս տարվա փետրվարը, սեփականատեր են եղել ադամանդագործության ոլորտի գործարար Արտակ Բաղիկյանի ծնողները՝ Մարինե և Ասպարիկ Բաղիկյանները։ Արտակ Բաղիկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ Արթուր Օհանջանյանն իր կնքահայրն է։ Օհանջանյանին, ինչպես երևում է, գործարանում չէին ճանաչում։ Օրեր առաջ մեր այցելության ժամանակ գործարանի անվտանգության աշխատակիցները նրա անուն-ազգանունը լսելուց հետո չհասկացան, թե ում ենք փնտրում։
Մամուլը, գործարար շրջանակները և մեր աղբյուրները ADM Diamonds գործարանի անունը կապում են ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։ Բաղիկյանների ընտանիքը մտերիմ է պատգամավորի հետ։
Ինքը՝ Արտակ Բաղիկյանը, որն այսօր փաստացի կառավարում է գործարանը, կտրուկ հերքում է գործարանի և իր բիզնես կապերը Խաչատուր Սուքիասյանի հետ։
«Ո՛չ նախկինում, ո՛չ հիմա չի եղել մի դեպք, որ ADM Diamonds-ը որևէ առնչություն ունենա Խաչատուր Սուքիասյանի հետ։ Առնվազն զարմանալի է, առնվազն տարակուսելի է՝ որտեղից նման ինֆորմացիա։ Նույնիսկ ապշած եմ, որ մարդկանց մի խումբ նման կապ ինչ-որ ձևով տեսնում է։ Հավաստիացնում եմ՝ որևէ առնչություն չունի։ Կան շատ լավ հարաբերություններ, ինչպես բոլորի հետ։ Այդքանով ամբողջը ավարտվում է։ Կան անձնական փոխհարաբերություններ, զրո՝ բիզնես հարաբերություններ։ Չեն էլ եղել»,- մեզ հետ հարցազրույցում ասաց Արտակ Բաղիկյանը։
Հարցին, թե ի՞նչ պաշտոն է նաև այժմ զբաղեցնում «Էյ.Դի.Էմ.դայմոնդս» ՍՊԸ-ում, պատասխանեց, որ փաստացի կառավարմամբ է զբաղվում, բայց պաշտոն ներկա պահին չի զբաղեցնում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում