▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ ապօրինությունը բացահայտվել է

ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2001 թ-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, կեղծիք կատարելով, պետական սեփականություն հանդիսացող Աբովյան 3 հասցեի շենքը գրանցել են որպես հասարակական կազմակերպության սեփականություն, ինչից հետո այդ հասարակական կազմակերպության խորհրդի ղեկավարը, միաժամանակ հանդիսանալով Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձ, անտեսելով, որ հիշյալ շենքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում և ինքն ի պաշտոնե իրականացնում է պատմամշակութային հուշարձանների պահպանության պարտականություն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նրան ի պաշտոնե հայտնի լինելու պարագայում, որ հուշարձանի հողատարածքն ընդգրկված է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքներով չփոխանցվող հողերի ցանկում, հողատարածքը մասնավորեցնելու և օտարելու նպատակով նա գրություն է հասցեագրել Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձը, գրությանն ի պատասխան, տրամադրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնց հիման վրա հողամասերը ապօրինի գրանցվել են որպես մասնավոր սեփականություն։

Այնուհետև, 2007 թվականին շենքի և հողամասի մի հատվածը հասարակական կազմակերպությունը 28 միլիոն 800 հազար դրամով օտարել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության՝ խախտելով Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները։ Այդ ընկերությունն իրականացրել է պատմամշակութային հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներ․ շենքի հյուսիսային հատվածը քանդվել է, որոշ պատուհաններ լցափակվել են։

Արդեն 2011 թվականին, հասարակական կազմակերպությունը, դարձյալ խախտելով Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները, Աբովյան 3 հասցեի 201 միլիոն դրամ գնահատված հիմնական շենքն ու հողամասը, որպես ավանդ, ներդրել է մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում՝ գրանցելով սեփականության իր իրավունքը նշված շենքի և հողամասի նկատմամբ։ Հիշյալ հասարակական կազմակերպության նախագահի կողմից 2012 թվականի հունիսի 27-ին ընկերության 100 տոկոս բաժնեմասը 550 հազար դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերություններից մեկին, որի տնօրենը հանդիսացել է Մշակույթի նախարարության նույն բարձրաստիճան պաշտոնյայի որդու կինը։ Այնուհետև ձևական գործարքների միջոցով նշված 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսն անցել է հասարակական կազմակերպության նախագահին, 25 տոկոսը՝ հիշյալ ընկերության տնօրենի մորը, իսկ մյուս 25 տոկոսը մնացել է օֆշորային ընկերությանը։

Ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 201 միլիոն դրամի վնաս։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին