«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ անգամներ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է, որ ՀՀ Կառավարությունը չի կարողանում կարգուկանոն հաստատել ծխախոտի շուկայում, ու Հայաստանում մեծ մասշտաբների մաքսանենգ ապրանքներ կան:
Հատկապես ՊԵԿ-ի վերջին փոփոխություններից հետո տեղեկություններ ենք ստանում, որ ակտիվացել են հարեւան Վրաստանից, ավելի կոնկրետ՝ գործող երեք մաքսակետերի Duty Free-ներից ծխախոտ գնելու դեպքերը: Ծխախոտը ֆիզիկական անձանց միջոցով, փոքր խմբաքանակներով անցկացվում է Հայաստան, ապա Telegram ալիքներով, սոցցանցերով ու list.am-ով կազմակերպվում է դրանց վաճառքը:
Տպավորություն է, որ այս գործընթացը ոչ թե քաոտիկ կերպով է կատարվում, այլ գործ ունենք կազմակերպված խմբավորման հետ, որի թելերը տանում են հայ խոշոր գործարարներից մեկի շրջապատ, ում անունը դեռեւս չենք հայտնում, քանզի ակտիվ աշխատանքներ են տարվում այդ մասով:
Ծխախոտ արտադրող ընկերություններից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ պետության ներսում ստեղծում են աշխատատեղ, տալիս են հարկ, որը մեկ տուփի դեպքում միջինը 250-300 դրամ է, եւ տեսնում են, թե ինչպես է զարտուղի ճանապարհով կազմակերպվում ծխախոտի ներմուծում եւ վաճառք, որը հաճախ ավելի էժան է ստացվում, քան տեղական արտադրողի մուծած հարկը: Իսկ պետությունը կա՛մ չի ուզում պայքարել, կա՛մ չի կարողանում դադարեցնել այս ապօրինությունը:
Հետաքրքիր է՝ ՊԵԿ նոր նախագահ Էդուարդ Հակոբյանը կկարողանա՞ արդյունք ցույց տալ, թե՞ կբավարարվի մեկ-երկու կոսմետիկ քայլերով:
Հ.Գ. Բնական է, որ սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդու համար նախընտրելի է էժան ապրանքի ձեռքբերումը, սակայն հարկ վճարողին «աստվածացնելու» քարոզչություն իրականացնող պետությունը նույնիսկ մատը մատին չի տալիս հարկատու արտադրողին անհանգստացնող խնդրին համապարփակ լուծում տալու համար: