▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Վիգեն Սարգսյանը` պատերազմի հավանականության մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների բալանսը խախտված է, սակայն ընդհանուր ուժերի բալանսը պահպանվում է, քանի որ հայկական բանակը մի շարք առավելություններ ունի ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Եթե խոսենք սպառազինության բալանսի մասին, ապա այդ բալանսը խախտված է: Բալանսը խախտված է, որովհետև բավական երկար ժամանակ Ադրբեջանը շատ մեծ բյուջետային միջոցներ է ծախսել տարբեր երկրներից զենք ձեռք բերելու վրա: Այս գործընթացը, բնականաբար, հանգեցրել է տարածաշրջանում սպառազինության բալանսի լուրջ խախտման: Իսկ եթե խոսենք ընդհանուր ուժերի բալանսի մասին, ես կարծում եմ, որ կարելի է համաձայնել միջազգային փորձագետների գնահատականների հետ, ովքեր կարծում են, որ բալանսը պահպանված է, քանի որ հայկական զինված ուժերը ունեն մի շարք առավելություններ, որոնք թույլ են տալիս չեզոքացնել սպառազինության բալանսի խախտումը: Մենք չենք հոգնի աշխատել խաղաղության շուրջ, բայց մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը, քանի որ Ադրբեջանում ամբողջությամբ  բացակայում է զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական ու քաղաքացիական վերահսկողության համակարգը, իսկ դա նշանակում է, որ մարտական գործողությունների գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը կարելի է գնահատել զրոյից 100 տոկոս, քանի որ նման որոշումը ոչնչով պայմանավորված ու սահմանափակված չէ։ Ցանկանում եմ հուսալ, որ Բաքվում հասկանում են, որ ցանկացած սրացում կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի, ինչը քաոս կհրահրի, բայց չի լուծի արցախյան խնդիրը։ Քանի որ այդ հարցը ռազմական լուծում չունի», - ասել է  Վիգեն Սարգսյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին