«Պարզվում է՝ 2018 թվականից տարբեր հավելվածներով և հաղորդագրություններով կառավարվող իշխանությունը հետագայում այդ հաղորդագրություններն օգտագործելու է»,- ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Ողբերգություն է, որ երկրիդ պաշտպանական, անվտանգային ղեկավար կազմը շփվում է WhatsApp-ով, այն էլ այդ մակարդակի, շփվելուց հետո էլ սուբյեկտներից մեկը դա հրապարակում է։ Վստահ եմ, որ ոչ շատ հեռու ժամանակներում մենք այդ նույն WhatsApp-ում կգտնենք նաև «Հայաստանը չի խառնվի Արցախի հանձնմանը» հաղորդագրությունը։ Ակնհայտ է, որ Նիկոլի համար Հայաստանի գոյությունը աքսիոմա չէ, թեորետիկ է թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Արցախի Հանրապետությունը, հայրենիքի համար ընկած հայորդին, հայ ժողովրդի պատմությունը, հաղթանակները։ Աքսիոման մեկն է՝ աթոռը, իշխանությունը, փողը՝ իհարկե յուր խմբավորման հետ միասին։ Պրոբլեմը դուք եք, պրոբլեմը ձեր մեջ է, պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի»,- ասաց Աննա Մկրտչյանը։ |
Թարմացված․ «Պետք չէ սին հույսեր տածել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանձնելու։ Նիկոլ Փաշինյանը տալու է այնքան հող ու հայրենիք, որքան պետք լինի իր աթոռը պահելու համար»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցին այսօր ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Նրա համար հայրենիքի գաղափար գոյություն չունի, եթե մենք լսել ենք, որ էն սարը ձյունոտ ա ու մեզ պետք չի, գուցե մի օր էլ լսենք, որ Սևանը «ծաղկածա» ու մեզ պետք չի։ Պետք է ժամանակ չտալ Նիկոլ Փաշինյանին, ամեն օր մի քայլ անել, որը պետք է բերի նրա հեռացմանը։ Եթե հարցնեք՝ ե՞րբ է այդ հեռացումը լինելու, ես էլ այդ հարցը ունեմ, վայրկյան առաջ ուզում եմ, որ այդ հարցը լուծվի»,- ասել է Աննա Մկրտչյանը: |
Թարմացված․ «Սեփական ժողովրդին պատերազմով սպառնալով, բառախաղերի միջոցով Փաշինյանը փորձում է կյանքի կոչել բանակցությունների ընթացքում Ադրբեջանի ներկայացրած պահնաջները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Չի կարող սահմանի մի որոշ հատվածում սահմանազատում ու սահմանագծում իրականացվել, երբ ամբողջ սահմանի մեծ մասում Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել հայկական տարածքները։ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես Ադրբեջանի փաստաբան՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի ցանկացած հարձակում Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում»,- ասել է Մանուկյանը՝ փաստելով, որ անթույլատրելի են միակողմանի զիջումները, որոնք միայն բացում են թշնամու ախորժակը։ «Իշխանությունների պաշտելի Շառլ Միշելն օրերս հայտարարեց՝ խաղաղության համար պետք է պատերազմի պատրաստվենք։ Հայաստանի իշխանությունը փոխանակ սեփական անվտանգությունն ապահովի, այս ընթացքում արտաքին քաղաքական ճակատում շատ ավելի վատացրել է հարաբերությունները դաշնակից երկրի հետ, ձևական շփումներ է ունենում մեր հարավային հարևանի հետ և միայն զիջումներով փորձում է լավը երևալ»,- նշել է պատգամավորը։ |
«Պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի»․ Աննա Մկրտչյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet