▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի ներկայացուցիչը «սուրաց» Երեւան՝ պահն օգտագործելու.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին: Առաջին հայացքից սովորական դիվանագիտական արարողակարգ, գուցե մի փոքր զգայուն այն տեսանկյունից, որ Հայաստանում Ռուսաստանից այդօրինակ բանագնացների ընդունելությունը միշտ հարց է առաջացնում, թե ինչ «փորացավով» կարող էր Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ գործուղվել Հայաստան:

Ներկայումս, սակայն, Շվիդկոյի ընդունելությունն ԱԳ նախարարի մակարդակով տեղի է ունենում խիստ խորհրդանշական պահի, երբ Հայաստանում ծագել է, այսպես ասած, աղմկոտ պատմությունը մշակույթի ոլորտում: Խոսքը Հովհաննես Թումանյանի թանգարանի կազմակերպած ցուցահանդեսի եւ դրա փակման վերաբերյալ Հայաստանի մշակույթի նախարարության որոշման մասին է: Իսկ ցուցահանդեսը վերաբերում էր ստալինյան, բոլշեւիկյան բռնությունների զոհերին, նվիրված էր նրանց հիշատակին:

Եվ ահա, Հայաստանում ծագած այդ աղմկոտ պատմության ֆոնին, երբ ցուցահանդեսից 22 օր անց մշակույթի նախարարությունը հանկարծ որոշում է, որ այն պետք է փակել, Հայաստան է այցելում մշակութային գործակցության հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Շվիդկոյը, որին Հայաստանում ընդունում են բավական բարձր մակարդակով:

Բայց բանն այն է, որ Հայաստանում ստալինյան բռնությունների զոհերի հիշատակին բացված ցուցահանդեսը փակելու մշակույթի նախարարության որոշումը անուղղակիորեն, բայց հենց հայ-ռուսական միջմշակութային գործակցության օրինակ է: Բանն այն է, որ ռուսական, այսպես ասած, ժամանակակից մշակույթում կամ ավելի շուտ մշակութային քաղաքականության տիրույթում Ստալինն ու նրա գործունեությունը ոչ միայն վաղուց այլեւս չեն դիտարկվում, այսպես ասած, բռնությունների կամ անիրավությունների համատեքստով, այլ հակառակը՝ Ստալինը դիտարկվում է իբրեւ պետականապաշտության, արժանապատվության խորհրդանիշ, որը Խորհրդային Միությունը հասցրել էր համաշխարհային տերության մակարդակի:

Եթե Հայաստանում Նժդեհի արձանի տեղադրումը կարող է անհանգստություն առաջացնել Մոսկվայում ԱԳՆ խոսնակի մակարդակով, ապա ամենեւին զարմանալի կամ անսպասելի չի լինի, եթե Ռուսաստանում պետական ամրության եւ արժանապատվության խորհրդանիշ դարձող Ստալինի բռնությունների զոհերի հայաստանյան թանգարանի բացումը անհանգստություն առաջացներ ՌԴ նախագահի ներկայացուցչի մակարդակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին